211652_close_icon
views-count2709 դիտում article-date 20:34 23-01-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ: Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Մենք գնահատում ենք ձեր անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. դա վերաբերում է և՛ Ցեղասպանության ճանաչմանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշմանը, և՛ մի շարք այլ հարցերի», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հարկային, մաքսային, գյուղատնտեսության և մի շարք այլ որորտներում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել և վստահություն է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու: Կարեն Կարապետյանը հատկապես շեշտել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ առկա է այն զարգացնելու մեծ ներուժ: Կողմերը քննարկել են առևտրական պալատի ստեղծման, ինչպես նաև՝ գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության և նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի ներգրավման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր