211652_close_icon
views-count3739 դիտում article-date 23:43 22-01-2018

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 22-ին, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժերար Լարշեին Սենատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, երկու երկրներում էլ այդ ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. Ֆրանսիան նոր և երիտասարդ ու եռանդուն Նախագահ ունի, ով ոչ միայն առաջ է տանում Ֆրանսիան, այլ նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում, իսկ Հայաստանը շուտով կիսանախագահական համակարգից լիովին անցում կկատարի նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգին։ Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահն այդ առումով կարևորել են միջխորհրդա­րա­նա­կան երկխո­սության դերը միջպետական հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման գործում: Հանդիպումների հաճախակիությունը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, վկայում է այն կարևորության մասին, որ երկուստեք տրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանը հիշել է, որ սա պարոն Լարշեի հետ արդեն իր չորրորդ հանդիպումն է, որը կայանում է Ֆրանսիայում: Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ կլինի նրա հետ հաջորդ հանդիպումն ունենալ Հայաստանում, որտեղ մեծ սիրով կհյուրընկալեն Սենատի նախագահին: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար` Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կողմերը զգալի անելիքներ ունեն: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` երկուստեք կարևորելով ստորագրված շրջանակային համաձայնագրով ամրագրված մոտեցումներն ու նախատեսված աշխատանքները: Սենատի նախագահը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով, տարածաշրջանի խնդիրներով, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններով: Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը, նրանց համոզմամբ, մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին իր ստորագրությունն է դրել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր