211652_close_icon
views-count20824 դիտում article-date 15:56 22-01-2018

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Մրցույթը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 18-20-ը Լյուքսեմբուրգում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասել է, որ խորապես հուզված է մրցույթի կազմակերպիչների՝ իր երկի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից և շնորհակալ: «Ռեքվիեմ»-ը ներկայացված է նաև հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Խոսելով «Գրեմմի»-ի մասին` Մանսուրյանն ասել է, որ, անշուշտ, սպասում է այդ կարևորագույն մրցանակաբաշխությանը: «Եթե մրցանակի արժանանամ, կարծում եմ` բոլորս էլ ուրախ կլինենք, եթե ոչ, Դասական երաժշտության միջազգային մրցանակը կա ու կա»,- կատակել է կոմպոզիտորը: Մանսուրյանը ներկայումս լարված աշխատում է երեք ստեղծագործության վրա (փակագծերը չցանկացավ բացել), որոնք պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնի: Դասական երաժշտության եվրոպական միջազգային մրցանակաբաշխությունը սկսել է անցկացվել 2011 թվականի ապրիլի 6-ից Կաննում: Ժյուրին բաղկացած է տարբեր երաժշտական հեղինակավոր ամսագրերի երաժշտության քննադատներից: Տեսանյութը՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տված բացառիկ հարցազրույցից
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր