211652_close_icon
views-count2955 դիտում article-date 19:23 19-01-2018

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին ընդառաջ տեղի կունենա Ռաֆիկ Բադալյանի գրքի շնորհանդեսը

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին ընդառաջ, հունվարի 27-ին՝ 14:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Ռաֆիկ Բադալյանի «Հնագույն հայոց մշակույթ. հայկական հնագույն ժամանակների մետաղ, սառը զենք, մարտարվեստ, դիցաբանություն» գրքի շնորհանդեսը: Գրքում հեղինակն անդրադառնում է Հայկական լեռնաշխարհի մետաղագործությանը, մետաղյա զենքի պատմությանը, մարտարվեստին, որոնց զարգացումը հին դարերում սերտորեն կապված էր տվյալ հասարակության մշակութային և հոգևոր զարգացման մակարդակի հետ: Դա թերևս և՛ պատմություն է, և՛ դիցաբանություն, և՛ մտածելակերպ: Գրքում ներկայացված են նաև Բադալյանի պատմագրական ուսումնասիրությունները: Ռաֆիկ Բադալյան Ծնվել է 1943 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1978 թ. Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում: Միկրո-էլեկտրոնիկայի, միկրո-օպտիկական ուսումնասիրությունների, դիէլեկտրիկների և մետաղների մասնագետ է: Երկար տարիներ զբաղվել է սուսերամարտով, արևելյան մարտարվեստով, ձիասպորտով: Միկրոքանդակագործ է, ՀՀ ժողովրդական վարպետ: Ավանդական արվեստների և փառատոնների միջազգային կազմակերպության՝ CIOFF-ի անդամ է: Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում դասավանդվում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն։ [b] Ժողովրդական արվեստի կենտրոն [/b]

Նմանատիպ նյութեր