211652_close_icon
views-count4544 դիտում article-date 15:13 18-01-2018

Շինարարության ոլորտում 2018-ին որոշակի աշխուժություն ենք ակնկալում. վարչապետ

Կառավարության նիստում այսօր վարչապետի հանձնարարել է հստակեցնել շինարարության ոլորտում առկա վարչարարությունը: «2017 թվականի ընթացքում շինարարության ոլորտում արձանագրվեց զգալի աճ, և առաջիկայում ակնկալվում է այդ տեմպերի ավելացում։ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ 2017 թվականի նոյեմբերի 16-ին տրվել էր համապատասխան հանձնարարական։ Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,- նշել է կառավարության ղեկավարը։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման և իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցման, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ և ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին։ «Մենք շինարարության ոլորտում 2018 թվականին ակնկալում ենք որոշակի աշխուժություն», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է հնարավորինս տեղեկանալ ոլորտում առկա խոչընդոտների մասին և շատ պարզ, հստակ մեխանիզմ ներդնել:

Նմանատիպ նյութեր