211652_close_icon
views-count4874 դիտում article-date 10:39 18-01-2018

Հնարավորություն կա ստեղծելու մի ինստիտուտ, որն անեծքից և հայհոյանքից դուրս կլինի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանը թվարկել է այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ նախագահը, որի գործառույթները ամրագրված են նոր Սահմանադրությամբ: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նշած չափանիշները կարևոր են՝ լեզուներ իմանալը, ճանապարհ անցնելը, Հայաստանում և Սփյուռքում հեղինակություն, միջազգային կապեր ունենալը, անկողմնակալ, ապակուսակցական լինելը (հավանաբար, դա՛ նկատի ուներ նախագահը, երբ խոսում էր քաղաքականությամբ չզբաղվելու մասին)՝ այդ ամենն, իհարկե, էական է: Բայց եթե ես որոշեի, թե ով պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը նոր՝ չափազանց սահմանափակ, բայց, միևնույն է, պետության համար կարևոր գործառույթներով, ես կմտածեի ավելի շուտ մարդկային հատկանիշների մասին: Իշխանությունը Հայաստանում սիրված չի՝ այդպես է պատմականորեն դասավորվել, իհարկե, նաև իրենց՝ իշխանությունների մեղքով: Այդպես է եղել 25 տարի, և ես խիստ կասկածում եմ, որ 10 կամ 20 տարի հետո կլինի որևէ կառավարություն, որի հասցեին Հայաստանի շարքային քաղաքացին չի ասի այն նույն բառերը, որոնք հնչում էին անցած քառորդ դարի ընթացքում: Հիմա հնարավորություն կա ստեղծելու մի ինստիտուտ, որն այդ անեծքներից և հայհոյանքներից դուրս կլինի՝ մարդ, որին մեր քաղաքացիները սիրում և հարգում են այնպես, ինչպես վրացիներն են հարգում իրենց հոգևոր առաջնորդին, կամ անգլիացիները՝ իրենց թագուհուն: Բայց եթե նոր նախագահը լինի մեզ հայտնի «նոմենկլատուրայից»՝ «պադավատներ», «ախրանաներ», դղյակներ, բիզնեսներ և այլն, ապա նրան չի օգնի թեկուզ 10 լեզու իմանալը, միևնույն է՝ նա ընկալվելու է որպես իշխանական բուրգի մի մաս և ոչ թե որևէ լավ բանի խորհրդանիշ: Դուք գուցե կասեք, որ մեզ ոչ մի խորհրդանիշ էլ պետք չէ, մեզ պետք են պարզապես ազնիվ պաշտոնյաներ, ազնիվ ոստիկաններ, ազնիվ դատախազներ և այլն: Բայց երբ հասարակության զգալի մասը ձգտում է ոստիկան, դատախազ կամ դրա նման ինչ-որ մի բան դառնալու՝ հենց անազնիվ լինելու նպատակով, այդ պարագայում որևէ մեկից «ազնվացնող» կախարդական փայտիկ պահանջելն իրատեսական չէ: Անհրաժեշտ են պաշտոնյաներ, որոնք կհաստատեն մտածողության, աշխարհընկալման, վարքի նոր ստանդարտներ: Եվ այդպիսի «առաջին պաշտոնյա» կարող է լինել նոր լիազորություններով նախագահը: Ես պատկերացնում եմ նրան որպես ծայրահեղ համեստ, ծայրահեղ ժուժկալ, բայց իմաստուն մի մարդու, որը մշտական «ֆիզիկական» կապ է պահպանում հասարակ մարդկանց հետ: Իհարկե, ցանկալի է, որ այդ ամենը զուգակցվի այն արժանիքների հետ, որոնք նշել է Սերժ Սարգսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր