211652_close_icon
views-count1821 դիտում article-date 12:10 17-01-2018

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հանձնաժողովականներին է ներկայացրել նախատեսվող փոփոխությունները: Նախագծի ընդունմամբ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ոստիկանության ծառայողը գործընթացը պետք է իրականացնի բացառապես ծառայողական սարքավորումներով: Ինչպես նշել է Վարդան Եղիազարյանը, սահմանվել են պարտադիր նախազգուշացման եղանակները նաեւ տեսանյութերը, լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները: Շարժական տեսաձայնագրող, լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործման պարագայում պետք է ծանուցվի բանավոր, իսկ անշարժ սարքավորումների դեպքում՝ համապատասխան վայրերում պետք է տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ կամ էլ տվյալ վայրերի հասցեները հրապարակվեն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում: Նիստում հիմնական զեկուցողը փաստել է, որ նախագծում տվյալների պահպանման ժամկետ կսահմանվի 7 օր, որից հետո դրանք կոչնչացվեն:

Նմանատիպ նյութեր