211652_close_icon
views-count7306 դիտում article-date 17:26 16-01-2018

Բուլղարիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներին

Հունվարի 12-15-ը Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մասնակցեց բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներին: Սոֆիայի Բուլղարական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Պեյո Յավորովին նվիրված՝ «Ես չեմ ապրում՝ այրվում եմ» վերտառությամբ նոր գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցեցին ճանաչված գրականագետներ Սերբիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Հայաստանը ներկայացնում էին և ելույթներով հանդես եկան ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ և մանկագիր Անուշ Վարդանյանը: Իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Յավորովյան հանդիսությունները շարունակվեցին հունվարի 13-ին և 14-ին մեծ բանաստեղծի ծննդավայրում՝ Չիրպան քաղաքում, որտեղ դեսպան Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ զետեղեց Յավորովի հուշարձանին: Հանդիսավոր արարողությանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայի փոխնախագահ Իլիյանա Յոտովան: Մասնակիցների թվում էին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, ինչպես նաև Պլովդիվից հատուկ այս առիթով ժամանած հայ համայնքային և սկաուտական կազմակերպությունների անդամները: Արարողության ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ: Հաջորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցեց մեծ բանաստեծին նվիրված գիտաժողովին, ընթերցումներին և ցուցահանդեսներին: Օրվա առիթով դեսպան Արմեն Սարգսյանը Բուլղարիայի գրողնեի միության “Словото днес” պարբերականին տվեց ծավալուն հարցազրույց: Տեղեկանք. Հայ ժողովրդի մեծ բարեկամ, բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի «Ես չեմ ապրում՝ այրվում եմ» ժողովածուում զետեղված են նրա ստեղծագործությունների 13 լեզուներով թարգմանությունները, որոնց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ”Арменци” (Հայերը) ճանաչված բանաստեղծությունն ու դրա հայերեն թարգմանությունները՝ կատարված Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի և Համո Սահյանի կողմից, ինչպես նաև Գուրգեն Բարենցի կողմից կատարված ռուսերեն թարգմանությունը: Գիրքը ներառում է նաև Էդվարդ Միլիտոնյանի ներածական խոսքը և «Հայերը» բանաստեղծության մասին Գ. Բարենցի պատմական ակնարկը:

Նմանատիպ նյութեր