211652_close_icon
views-count3665 դիտում article-date 12:49 16-01-2018

Փաստաբանների պալատն առաջարկում է հանել ոչ հրատապ կարգավորումը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին առաջարկելով՝ - ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծից (այսուհետ՝ Նախագիծ) փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել, այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահելով դատավարական օրենսգրքերին. - այդ կապակցությամբ Նախագծի 74-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ չի կիրառվում դատական նիստերի դահլիճից հեռացում և դատական տուգանք դատական սանկցիաները, եթե այլ բան նախատեսված չէ դատավարական օրենսգրքերով:»: ՀՀ փաստաբանների պալատն, ի թիվս այլ փաստարկների, առաջարկը ներկայացրել է՝ - հաշվի առնելով, որ այս կենսական նշանակություն ունեցող հարցի նման հրատապ ընդունումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, իսկ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Նախագծի վերաբերյալ այս կարճ ժամանակահատվածում արդյունավետ քննարկում դժվար է կազմակերպել, - նկատի ունենալով այն, որ Նախագծի 173-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ դատական օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները փաստաբանների և դատախազների նկատմամբ կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից, հետևաբար ակնհայտ է դառնում այս հարցի կարգավորման հրատապ անհրաժեշտության բացակայությունը, - ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ դատավարական օրենսգրքերի ընդունման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները՝ առավել բազմակողմանի, ինչպես նաև՝ միջազգային հեղինակավոր կառույցի դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ: ՀՀ փաստաբանների պալատն այս հարցով դիմել է նաև Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդին (CCBE)՝ վերջինիս դիրքորոշումը ստանալու նպատակով: ԿԻՑ ներկայացվում է առաջարկը. ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ պարոն Ա.Բաբլոյանին ՀՀ արդարադատության նախարար՝ պարոն Դ.Հարությունյանին ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի դատական տուգանքի վերաբերյալ I. ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ ՀՀ դատական օրենսգրքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել է մինչև 100000 ՀՀ դրամ տուգանք կիրառել փաստաբանի նկատմամբ: Չնայած նրան, որ Նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստարկ ներկայացված չէ, թե ինչու է որոշվել փաստաբանի կամ դատախազի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին, սակայն կարծում ենք, որ այս մոտեցմամբ նպատակ է դրված կանխել ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորող փաստաբանի կամ դատախազի ազդեցությունը քրեական գործերով դատական գործընթացի նկատմամբ: II. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ 1. Լիտվայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Լատվիայում, Նորվեգիայում, Իսպանիայում և Ռուսաստանում (10 երկիր) դատարանները փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու իրավասություն չունեն: 2. Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում (4 երկիր) փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների իրականացման և տուգանքների նշանակման իրավասություն ունի հատուկ մասնագիտացված դատական մարմինը՝ Կարգապահական դատարանը: Վերջինս չի հանդիսանում այն մարմինը, որի նկատմամբ փաստաբանը ենթադրաբար դրսևորել է անհարգալից վերաբերմունք, այլ, փոխարենը, այն քննում է այլ դատարաններից ստացված դիմում-բողոքները: Այդպիսով ապահովվում է Կարգապահական դատարանի անաչառությունը: 3. Դատական տուգանք կիրառելու իրավասություն ունեն Էստոնիան, ԱՄՆ-ն, Կանադան և Ավստրալիան (4 երկիր), որոնցից վերջին 3 երկրները պատկանում են անգլո-սաքսոնական իրավական համակարգին, մինչդեռ, Հայաստանը մտնում է ռոմանագերմանական իրավական համակարգի մեջ: Այս երկու համակարգերը միմյանցից տարբերվում են ինչպես իրավական ինստիտուտների, այնպես էլ պետական կառույցների և իրավակիրառ պրակտիկայի սկզբունքներով ու փիլիսոփայությամբ: Հետևաբար` քննարկվող անգլոսաքսոնական պետությունների պրակտիկայի մեջբերումը Հայաստանի պարագայում տեղին չէ: Էստոնիայում փաստաբանն ունի հանրային այլ լիազորություններ, մասնավորապես նա կարող է որոշ նոտարական գործողություններ կատարել, ինչպես նաև հանդես գալ, որպես սնանկության կառավարիչ: Հետևաբար` այս երկրի հետ համեմատելը նույնպես տեղին չէ: ՀՀ արդարադատության նախարարության ամփոփաթերթում փաստաբանի նկատմամբ, որպես տուգանք կիրառող երկրներ նշվել են Էստոնիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ, Ավստրալիան և Լիտվան: Ռուսաստանի Դաշնությունում և Լիտվայում փաստաբանի նկատմամբ դատարանը չի կարող տուգանք կիրառել: Օրինակ, ՌԴ գերագույն դատարանի N 15-002-29 գործով 10.02.2003թ. որոշմամբ գերագույն դատարանը գտել է, որ փաստաբանը չի հանդիսանում կողմ և նրա նկատմամբ դատական տուգանք չի կարող կիրառվել: Լեհաստանի, Էստոնիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի վերաբերյալ դիրքորոշումը ներկայացվել է վերոհիշյալ II բաժնի 2-րդ և 3-րդ կետերում: III. ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ Նախագիծը, ղեկավարվելով փաստաբանների և դատախազների անբարեխղճության կանխավարկածով, չի նախատեսել դատավորների անբարեխղճության հնարավորությունը, որի դեպքում, տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք: Նախագիծը չի նախատեսել փաստաբանների մասնագիտական չափանիշներին համապատասխան իրականացվող գործունեության ժամանակ պատժամիջոցներից զերծ մնալու երաշխիքներ: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: Բացի այդ, անբարեխիղճ վարքագիծ դրսևորող փաստաբանին տուգանքը կարող է չկանխել, եթե վերջինիս վստահորդը յուրաքանչյուր դատական գործ ձախողելու համար պատրաստ լինի վճարել նաև տուգանքի գումարը: Այս պարագայում, եթե փաստաբանի նկատմամբ դատական տուգանք կիրառվի և զուգահեռ ներկայացվի փաստաբանների պալատին՝ փաստաբանի վարքագիծը քննարկելու համար, ապա փաստաբանների պալատը չի կարողանալու նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն կիրառել փաստաբանի նկատմամբ: Հետևաբար` կստացվի, որ այս կանոնը չի ծառայի իր իրական նպատակին: Բացի այդ՝ - գործող ՀՀ դատական օրենսգրքում նախատեսված է դատական սանկցիայի կիրառում դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու համար, մինչդեռ Նախագծում «օրինական» եզրույթը չի նախատեսվել, ինչի արդյունքում ստացվում է, որ դատարանի ցանկացած որոշում և կարգադրություն, այդ թվում՝ անօրինական, պարտադիր են բոլորի համար և չկատարելու դեպքում կառաջանա սանկցիայի կիրառման հիմք. - Նախագծով չի սահմանվել երաշխիք փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ, եթե փաստաբանը գործում է իր մասնագիտական չափանիշներին համապատասխան. - Նախագծի համաձայն՝ դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը: Այս կարգավորումը վտանգ է պարունակում, եթե դատարանն անհիմն դատական տուգանք կիրառի: Փաստաբանի նկատմամբ անհիմն դատական տուգանք նշանակելու և ԴԱՀԿ ծառայությանը կատարման ներկայացնելու դեպքում, փաստաբանի գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք կդրվի և հաշվին առկա գումարները փաստացի կբռնագանձվեն, իսկ վերադաս ատյանի կողմից հետագայում որոշման կատարման կասեցումը (որը վճռաբեկ ատյանի դեպքում երկարատև գործընթացի արդյունքում կարող է լինել) արդեն չի կարող վերացնել կիրառված արգելանքը կամ արդեն կատարված բռնագանձումը: IV. ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Դատական սանկցիայի հիման վրա հարուցվող վարույթի իրականացման կարգն ունի թերություններ, ինչն էլ, հավանաբար, ստեղծել է այս նոր կարգավորման անհրաժեշտությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը նախատեսել է հետևյալ ժամկետները՝ [img]http://st0.shamshyan.com/editor/0489009001516089026657348.png[/img] Բացի այս ժամկետներից, եթե խորհրդի որոշումը բողոքարկվի, ապա խորհրդի որոշման ուժի մեջ մտնելը կասեցվում է: Հետևաբար, խորհրդի որոշումը բողոքարկվելու դեպքում առնվազն մեկ տարի կարող է այդ գործընթացը տևել դատական երեք ատյաններում: Արդյունքում, փաստաբանի ոչ բարեխիղճ վարքագծի դեպքում կիրառված դատական սանկցիան փաստաբանի նկատմամբ ազդեցություն է ունենում մոտ 2 տարի հետո, ինչը բնականաբար այդ ինստիտուտը դարձնում է անօգուտ: V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է հանդիսանալ IV բաժնում նշված գործողությունների կատարման համար սահմանված ժամկետների կրճատումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կենսական նշանակություն ունեցող հարցի նման հրատապ ընդունումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, իսկ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Նախագծի վերաբերյալ այս կարճ ժամանակահատվածում արդյունավետ քննարկում դժվար է կազմակերպել, նկատի ունենալով այն, որ Նախագծի 173-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ դատական օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները փաստաբանների և դատախազների նկատմամբ կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից, հետևաբար ակնհայտ է դառնում այս հարցի կարգավորման հրատապ անհրաժեշտության բացակայությունը, ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ դատավարական օրենսգրքերի ընդունման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները՝ առավել բազմակողմանի, ինչպես նաև՝ միջազգային հեղինակավոր կառույցի դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝ - Նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել, այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահելով դատավարական օրենսգրքերին: - Այդ կապակցությամբ Նախագծի 74-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ չի կիրառվում դատական նիստերի դահլիճից հեռացում և դատական տուգանք դատական սանկցիաները, եթե այլ բան նախատեսված չէ դատավարական օրենսգրքերով:»: Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան

Նմանատիպ նյութեր