211652_close_icon
views-count42327 դիտում article-date 09:11 16-01-2018

Մանկապարտեզի դաստիարակը չի վերցրել ծնողների հավաքած 15.000 դրամը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երևանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաև պատճառ էր դարձել, որ այսօր մանկապարտեզում ժողով հրավիրվեր: Ծնողը, որի անունը լայն հասարակության համար հրապարակված գրառումներում ջնջված է, տեղեկացրել էր. «Նախկին տնօրենը անտանելի դրամահավաքներ էր անում ու շատ անօրինական քայլեր: Իրեն հեռացրեցին, նոր տնօրենը արգելեց դրամահավաքները, բայց ուսուցչի տոնին, երբ շնորհավորեցին, ընդունեց: Մեր պարտեզում շնորհավորելու համար ֆիքսված թվեր կան, օրինակ դաստիարակ՝ 35 000, դայակ՝ 25 000: Ամանորին խմբում հավաքվել էր 30 000 դրամ: Կիսեցինք երկու մասի, տվեցինք, բայց դաստիարակը նեղվել էր 15 000 ողորմելի թվից ու չվերցրեց՝ ասելով՝ ոնց որ մյուս խմբերում, այնպես էլ ինձ: Հիմա դիմացը Մարտի 8 է, ու մեր կոմիտեն (ծնողական խորհրդի նախագահը-խմբ.) ասում է՝ 50 000՝ դաստիարակ՝ Նոր տարին էլ հետը, 40 000 դայակ՝ ծնունդ ու Մարտի 8, + տնօրեն, մանկավարժ, բուժքույր, երգ, ֆիզկ.: Ու ասում է դրվածքը դա է, ոնց մյուս խմբերում, այնպես էլ մենք: Ասածս այն է՝ ոնց անենք, որ էդ դրվածքը չլինի»: Ծնողը նաև նկատել էր, որ տարվա մեջ մի քանի տոն ու առիթ է լինում, իսկ դա նշանակում է, որ իրենց ուսերին բավական մեծ ֆինանսական բեռ է ընկնում: Այսօր մանկապարտեզում հրավիրված ժողովի ժամանակ կրտսեր խմբի ծնողները ու հատկապես ծնողական խորհրդի նախագահ Անժելա Սարգսյանը պնդում էր, որ գումարը հավաքելիս որևէ պարտադրանք չի եղել, և իրենք ընդամենը ցանկացել են շնորհակալ լինել՝ երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Գումարը, սակայն, չի ընդունվել, ու հետևաբար քննարկելու պատճառ էլ չկա: Ծնողները հերքում էին, թե փողով ծրարը մերժելու պատճառը պարունակությունը քիչ լինելն է: Ծրարը փորձել են դաստիարակին փոխանցել դեկտեմբերի 27-ին՝ «Դիմակահանդեսի» օրը: «Արդեն շատ խառնաշփոթ վիճակ էր, ինքն էլ շատ բարկացած, ու մենք էլ առիթը օգտագործելով, որ խառնաշփոթ է, ծրարը թողեցինք, դուրս եկանք: Դրանից հետո, երբ որ իմ տարած անձնական զարդարանքները վերադարձրեց, ծրարը նորից մեջն էր դրած»,- մանրամասնեց Անժելա Սարգսյանը: Չընդունված գումարը, սակայն, նա դեռ չի վերադարձրել ծնողներին: Մեր զրուցակիցը պարզաբանեց, թե նախ իր երեխան արձակուրդից հետո առաջին օրն է մանկապարտեզ հաճախել, և հետո ինքը պարբերաբար մյուս ծնողներից հետաքրքրվել է, թե ինչպես վարվի այդ գումարի հետ: Որոշվել է դեռ պահել, իսկ հետագայում հնարավոր է փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» կայքին: Ժողովի ժամանակ չհերքվեց, որ ծնողները գալիք Մարտի 8-ի համար ևս մտադիր են փող հավաքել: Բայց եթե մանկապարտեզում դա սկզբունքորեն մերժվում է, ուրեմն ինչու նորից նման քայլի գնալ: Անժելա Սարգսյանը մեր այս հարցին պատասխանելով՝ ասաց, թե այս անգամ ցանկանում են որևէ նվեր գնել: «Հաճելի է, ամեն դեպքում, երբ որ տոնին դիմացինիդ շնորհավորում ես՝ լինի մտերիմ, դաստիարակ, թե հարազատ ինչ-որ մեկը»,- արձանագրեց նա: Տնօրեն Նառա Պետրոսյանը ժողովից հետո մեր զրույցում ասաց, թե ինքը միայն ուրբաթ օրն է իմացել այս պատմության մասին, երբ այն արդեն հանրային արձագանք էր ստացել. «Պարտադիր դրամահավաքություն չի եղել: Իմ աշխատելու առաջին իսկ օրվանից ես դա խիստ դրել եմ: Ես տեղյակ չեմ եղել, որ ծնողները հավաքել են: Ես իմացել եմ, երբ որ ուրբաթ օրը դա արձագանք է ստացել»: Հարցին, թե եթե անգամ պարտադրանք չի եղել, երևույթը նորմա՞լ է, երբ տվյալ դեպքում կրտսեր խմբի ծնողները գումար են հավաքում և ծրարով փոխանցում դաստիարակին, թե՛ տնօրենը և թե՛ նրա աշխատասենյակում գտնվող դաստիարակը բացասական պատասխան տվեցին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր