211652_close_icon
views-count9808 դիտում article-date 15:27 15-01-2018

Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում կկառուցի գերժամանակակից օլիմպիական մարզահամալիր

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայ մարզիկների համար հերթական անակնկալն է պատրաստել: Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր, գերհզոր և գերժամանակակից մարզահամալիր: Այն նախատեսված կլինի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձևերի համար: Այսօր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրել էր տարբեր մարզաձևերի մասնագետներին՝ լսելու նաև նրանց առաջարկները: Նոր մարզահամալիրը կունենա միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50x25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար: Մարզաձևերի յուրաքանչյուր կառույց ունենալու է իր շոգեբաղնիքներն ու ֆիթնես սրահները, որոնք հագեցած կլինեն ժամանակակից անհրաժեշտ վարժասարքերով: Կառուցվող օլիմպիական ավանում առանձին սենյակներ և լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար: Կգործի նաև մամուլի կենտրոն: Առանձին սրահներ են նախատեսված մարզիչների համար, որտեղ մարզչական շտաբերն ուսումնամարզական հավաքների ընթացքում քննարկումներ կանցկացնեն, կդիտեն մրցակիցների ելույթների տեսագրությունները և ավելի արդյունավետ կկազմակերպեն նախապատրաստությունը: Գերժամանակակից մարզահամալիրը հնարավորություն է ընձեռելու անցկացնել համատեղ հավաքներ այլ երկրների թիմերի հետ. կազմակերպել միջազգային մրցաշարեր: Օլիմպիական ավանը միաժամանակ կհյուրընկալի հարյուրավոր մարզիկների: Բոլոր պայմանները կլինեն նաև մարզիկների լիարժեք հանգստի և ժամանցի համար՝ ընդարձակ այգիներ, կինոթատրոն, հանգստի սրահներ: Ամբողջ մարզահամալիրը զբաղեցնելու է 3 հա տարածություն, իսկ կառուցման համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր անձական միջոցներից կտրամադրի 25-30 միլիարդ դրամ:

Նմանատիպ նյութեր