211652_close_icon
views-count3243 դիտում article-date 17:04 11-01-2018

«Նաիրիտ»-ում քիմիական նյութերի պահպանման անվտանգության խնդրով Երևանի դատախազը դիմել է նախարարներին

«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետևանքով 2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ: Այրվել էին ընկերության տեղամասերից մեկի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում առկա քիմիական լաք-էթինոլ դյուրավառ նյութը, հարակից տարածքի չոր բուսածածկույթը, մասամբ փլուզվել էին բետոնյա տարողությունների տանիքները, դեֆորմացվել էին տանիքի մետաղական ճաղավանդակները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից դեպքի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, որոնց հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը, հաստատված համարելով, որ դյուրավառ նյութի պահպանման կանոնները խախտելու հետևանքով առաջացած հրդեհը ծանր հետևանքների չի հանգեցրել, 2017թ. նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով նախատեսված ծանր հետևանքի վրա հասած չլինելու պատճառաբանությամբ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է այդ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը: Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. նոյեմբերի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Իսկ «ՀՀ կառավարության 2017թ. փետրվարի 23-ի՝ «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում և «ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» թիվ 165-Ն որոշման համաձայն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին գումար է հատկացվել՝ տեխնոլոգիական համակարգերում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով: Ելնելով վերոգրյալից՝ Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ քննարկման առարկա դարձնելու արձանագրված խախտումները, դրանք ծնող պատճառները և միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության գործում ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, հետագայում հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու նկատառումներով նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ և արդյունքների մասին հայտնել Երևան քաղաքի դատախազությանը:

Նմանատիպ նյութեր