211652_close_icon
views-count3819 դիտում article-date 16:23 09-01-2018

Խորհրդարանում քննարկվել են հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Շուշան Սարդարյանը հունվարի 9-ին հանդիպել է Սան Պաուլոյի քաղաքապետարանի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինիի հետ, ով մինչ Երեւան այցելելը եղել էր Արցախում: Շուշան Սարդարյանը, նշելով, որ նախորդ տարի լրացել է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, ընդգծել է, որ երկկողմ կապերն այս ընթացքում արդյունավետ զարգացել են: Տիկին Սարդարյանն այս համատեքստում կարեւորել է խորհրդարանական համագործակցության, մասնավորապես բարեկամական խմբերի գործունեության դերն ու նշանակությունը: Նրա համոզմամբ՝ հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման խթան է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ կապերի առավել ընդլայնումը: Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Բրազիլիայի ժողովրդին՝ 2011 թվականին Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքային խորհրդարանի կողմից եւ 2015 թվականին Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւեր ընդունելու համար, ինչպես նաեւ նահանգային իշխանություններին` Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար: Շուշան Սարդարյանն անդրադարձել է նաեւ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին, ինչպես նաեւ հայկական համայնքի խնդիրներին: Ջիլբերտո Նատալինին նշել է, որ իրենց կողմից քայլեր են իրականացվում հայկական համայնքին վերաբերող, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությանն ու Արցախին առնչվող խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ: Ներկայացնելով իր տպավորությունները Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ` հյուրն ընդգծել է. «Ես ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Արցախի ջերմ բարեկամն եմ»:

Նմանատիպ նյութեր