211652_close_icon
views-count12617 դիտում article-date 20:20 31-12-2017

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը և պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Այս տարի Նախագահը եղել է Տավուշի մարզի Պառավաքար համայնքում և սահմանային տեղամասում ու մարտական դիրքում: Սերժ Սարգսյանը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ: Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների, նրանց ընտանիքների, հարազատների` բոլոր այն մարդկանց համար, ովքեր ոգեշնչում են զինծառայողներին իրենց գործը կատարելու, ովքեր որոշակի վաստակ են ունեցել հայրենիքի զինվորների կյանքի ուղու ընտրության և ովքեր շարունակելու են ճիշտ ճանապարհով ուղղորդել վաղվա զինվորներին, սպաներին, գեներալներին: Հանրապետության Նախագահն այնուհետև սահմանամերձ Պառավաքարում հանդիպում է ունեցել այդ գյուղի, ինչպես նաև Վարագավան, Ներքին Ծաղկավան, Չինչին համայնքների բնակիչների ու Իջևանի և Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ: Տոնական սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը զրուցել է նրանց հետաքրքրող և հուզող հարցերի մասին, շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել գալիք տոների կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Պառավաքարում ծաղիկներ է դրել ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարին և Վեհափառ Հայրապետի հետ մոմ վառել հարևանությամբ գտնվող մատուռում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր