211652_close_icon
views-count13343 դիտում article-date 20:55 30-12-2017

Արտակ Ալեքսանյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով

ՀՀ Նախագահի այսօրվա հրամանագրով հայտնի լրագրող, մեկնաբան «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ. Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ավետիքի Ալեքսանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,–ասված է Նախագահի հրամանագրում: Կենսագրական տվյալներ. Արտակ Ալեքսանյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2005 թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի։ Լրագրողական գործունեությունը սկսել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության թղթակից։ 1999-2000 թվականներին աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում, որպես տեղեկատվական բաժնի լրագրող, ապա` «168 ժամ» թերթի տեսաբան, 2002-2003 թթ՝ «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային հրատարակության գլխավոր խմբագիր։ Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում։ Բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։ 2000-2011 թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, թոք-շոուների հաղորդավար, ապա՝ գործադիր պրոդյուսեր։ Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, որը իրականացրել է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես` իրական պատմություններ», «Ինտերակտիվ` հազարամյակի ռիթմը», «Բրիֆինգ` ուղիղ հարցեր» և այլ նախագծեր։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող», ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող», Բրիտանական խորհրդի։ 2011–2015 թթ. եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որտեղ վարել է «Բանաձև» հաղորդաշարը։ 2015 թվականից մինչ օրս Արտակ Ալեքսանյանը զբաղեցնում է Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր