211652_close_icon
views-count7062 դիտում article-date 10:25 30-12-2017

Ձվի թանկացումից մինչև «ազատություն քաղբանտարկյալներին». Իրանում բողոքի ցույցեր են. BBC

Իրանի արևմտյան Քերմանշահ և Րեշտա քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ: Ցույցեր են անցկացվել նաև Շիրազում, Իսպահանում, Համադանում: Ամենամարդաշատ հանրահավաքն անցկացվել է Մեշհադում, որտեղ ձերբակալվել է 52 ցուցարար: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42518195]BBC[/url]-ն: Ցույցերը սկսվել են հինգշաբթի օրը, երբ քաղաքներից մեկում բողոքի ցույց է սկսվել ձվի թանկացման դեմ: Այնուհետև ցույցերը տարածվել են և ձեռք բերել քաղաքական երանգ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ ցուցարարների թիրախում են նախագահ Հասան Ռոհանին, հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, թեև անուններ չեն հնչել: Ցուցարարները վանկարկել են. «Ժողովուրդը ապրում է աղքատության մեջ, իսկ հոգևորականներն իրենց աստվածների տեղն են դրել», Մեշհադում վանկարկել են «Ոչ Գազան, ոչ Լիբանանը, իմ կյանքն Իրանն է», քննադատելով Իրանի արտաքին քաղաքականությունը, որը ձգտում է ազդեցություն ծավալել Մերձավոր Արևելքում: Ինքնաբուխ բողոքի ցույցերը հազվադեպ երևույթ են Իրանում: Իրանի որոշ քաղաքաներում պարենային որոշ ապրանքներ վերջին օրերին թանկացել են մինչև քառասուն տոկոսով, իսկ հավի ձվերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են երկու անգամ: Իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական իրավիճակը սրում են օտարերկրյա գործակալները և հակահեղափոխական տարրերը, և խոստացել է ճնշել չարտոնված հանրահավաքները: Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, կրկին մեղադրել է իրանական իշխանություններին, որ նրանք «հարուստ պատմությամբ ու մշակույթով հարուստ երկիրը վերածել են տնտեսապես քայքայվող և լքված երկրի, որը հիմնականում արտահանում է բռնություն, արյունահեղություն և քաոս»: ԱՄՆ-ն դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները և կոչ արել աշխարհի երկրներին աջակցել Իրանի ժողովրդին:

Նմանատիպ նյութեր