211652_close_icon
views-count12959 դիտում article-date 09:38 16-12-2017

Անպատասխանատվությունը և իրավական անգրագիտությունը չի գովերգվում. «ՀայՓոստ»-ի դեմ խաղ չկա. «Առավոտ»

«Առավոտ» թերթը հրապարակել է Կարեն Հեքիմյանի հոդվածը. «Ամանօրյա տոներին ընդառաջ, փորձեցի, «ՀայՓոստ»-ի միջոցով, շնորհավորել ԱՄՆ-ում բնակվող բարեկամներիս և նրանցից ամեն մեկին փոքրիկ նվերներ պատրաստեցի՝ հայկական չիր և կոնյակ: Փոստային բաժանմունքում ինձ ներկայացրեցին ծառայության գինը ինչպես նաև տեղեկացրեցին, որ ես պարտադրված եմ վճարել նաև «մաքսայինի»(՞) գումարը, ինչը էապես բարձրացնում էր ծանրոցի՝ դեպի նշանակետ, տեղափոխման արժեքը: Ի՞նչ կապ ունի «մաքսայինը» «ՀայՓոստ»-ի հետ, ի՞նչ ծառայությունների դիմաց է գանձվում այդ վճարը, ինչու՞ է այն պարտադիր և ի վերջո ինչու՞ է այն ընդգրկվում «ՀայՓոստ»-ի կողմից տրվող վճարման անդորրագրի մեջ, չհասկացա: Այս հարցերին աշխատակիցները չկարողացան պատասխանել և միայն նշեցին, որ «առանց մաքսայինի գումարի» որևէ ծանրոց ուղարկելն անհնար է: Բացի այդ, նրանք խորհուրդ տվեցին, որ ես ծանրոցները նախապես փաթեթավորեմ, սակայն պատրաստ լինեմ, հարկ եղած դեպքում, դրանց լրացուցիչ զննության, ասել է թե բացեմ և նորից փաթեթավորեմ: Իմ հարցին ի պատասխան, «ՀայՓոստ»-ի աշխատակիցները նշեցին, որ «ՀայՓոստ»-ը փաթեթավորմամբ չի զբաղվում: Ինչ վերաբերում է ժամկետներին ապա ըստ նրանց, պարզ չէ թե փաթեթը երբ տեղ կհասնի սակայն հոյսով են, որ դա կտևի 15-30(՞) օր: Ինչևէ: Ընդունելով պարտադրված խաղի կանոնները, ես երկու փաթեթ ներկայացրեցի Երևանի թիվ 39 փոստային բաժանմունք: «Մաքսային» զննությունն իրականացրեցին փոստային բաժանմունքի աշխատակիցները(՞), պարզեցին, որ որևէ կասկածելի իր փաթեթներում չկա(՞) և կրկին փաթեթավորելուց(՞) և յուրաքանչյուր փաթեթի համար կլորիկ գումար վճարելուց հետո ես հանձնեցի փաթեթները: Այնուամենայնիվ, չնայած առաջացած հարցերի և, իմ կարծիքով, մասնագիտական անձեռնահասության դրսևորումների առկայությանը, ուրախացա, քանզի կարծում էի, որ ԱՄՆ-ում բնակվող հարազատներիս ևս ուրախություն կպատճառեմ: Հաջորդ օրը ինձ զանգահարեցին թիվ 39 փոստային բաժանմունքից և ավետեցին, որ փաթեթներից մեկում եղած կոնյակի շիշը կոտրվել է(՞) և հորդորեցին ինձ գալ և հետ վերցնել փաթեթը(՞): Իմ հարցին, թե գամ վերցնեմ և վերջ, պատասխանը կարճ էր՝ այո, եկեք վերցրեք և վերջ(՞): Ամենազավեշտալին այն էր, որ ինձ զանգահարողը փորձում էր փաթեթի վնասվելու պատճառը բարդել ինձ վրա, ասելով, որ ես այն ճիշտ չեմ փաթեթավորել, մոռանալով իրենց իսկ բաժանմունքում իրականացված «մաքսային» զննության և վերափաթեթավորման մասին: Փորձեցի դեպքի մանրամասների մասին զրուցել «ՀայՓոստ»-ի որևէ պաշտոնյայի հետ: Սարյան 22 հասցեում, որտեղ տեղակայված է փոստային օպերատորի գլխամասը, ղեկավարությունից ոչ-ոք չկար(՞): Տեղում էր միայն Սևադա Բադալյանը(՞): Նա սկզբից ասաց, որ ոչինչ անել չի կարող, այնուհետև նշեց, որ կարող է ինձ «լավության կարգով» կազմակերպել վճարածս գումարի վերադարձը: Ինչ վերաբերվում է փոխհատուցման կամ գոնե «ՀայՓոստ»-ի անունից ներողության ապա այդօրինակ դիտարկումները պարոն Բադալյանի մոտ ծիծաղ և հեգնանք առաջացրին: Ի դեպ, Սևադա Բադալյանին այս պատմության մեջ ավելի շատ այլ հարց էր մտահոգում՝ նա անընդհատ հետաքրքրվում էր թե ես ինչպես եմ մտել «ՀայՓոստ»-ի գլխամասի շենք: Ի վերջո, Բադալյանը ինձանից հոգնեց և ասաց, որ ինչ էլ ես ասեմ, ուր էլ որ գնամ, մեկ է ոչնչի չեմ հասնի, քանզի «ՀայՓոստ»-ը «շատ հզոր հիմնարկ է, առաջնորդվում է միջազգային օրենքներով, միշտ հաղթում է դատարաններում և եթե ես անգամ դիմեմ Սերժ Սարգսյանին, մեկ է ոչինչ չի փոխվի»: Ես գրեցի բողոք և դուրս եկա շենքից: Հաջորդ օրը «ՀայՓոստ»-ից ինձ տեղեկացրին, որ իմ բողոքը գտնվում է հենց այդ Սևադա Բադալյանի մոտ: Մտածեցի, որ իրականում մարդը ճիշտ էր ասում՝ «ՀայՓոստ»-ի դեմ խաղ չկա: Սակայն, եթե լուրջ խոսենք ապա փոստային կապի ոլորտը կարգավորվում է մի շարք օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով: Մասնավորապես «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ փոստային կապի օպերատորը փոստային առաքանու կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների ուշացման, փոստային կապի գաղտնիությունը չպահպանելու համար, որոնց հետևանքով վնաս է պատճառվել այդ ծառայություններից օգտվողներին, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Ավելին, օրենքը մանրամասնում է թե ո՞վ, ե՞րբ, ի՞նչ նախապայմաններից ելնելով, ու՞մ պետք է փոխհատուցի պատճառված վնասը: «ՀայՓոստ»-ի աշխատակիցներին, ի դեմս Սևադա Բադալյանի, այդ օրենքը չի հետաքրքրվում կամ էլ նրանք չգիտեն դրա մասին: Նրանց այլ բաներ են հետաքրքրում, օրինակ, թե ես ինչպես մուտք գործեցի «ՀայՓոստ»-ի շենք այն դեպքում, երբ իրենց դեմ խաղ չկա բոլոր, անգամ հասանելիության բնագավառում: Երևի հենց այդ իմաստով, «ՀայՓոստ»-ի պաշտոնյաների համար նորմալ է գույք փչացնելու և դրա համար պատասխանատվություն չկրելու երևույթը: Սակայն ինձ համար դա անընդունելի է: Անընդունելի է նաև, որ փոստային օպերատորի ծառայությունների մեջ չի մտնում իրերի փաթեթավորումը, որ «ՀայՓոստ»-ի աշխատակիցներն իրականացնում են մաքսային գործառույթներ, որ հաճախորդներն ինչ-որ անհասկանալի «մաքսային»-ի գումարներ են վճարում «ՀայՓոստ»-ին, որ կազմակերպության պաշտոնյաները հայտարարում են Հայաստանի տարածքում «միջազգային օրենսդրության» գերակայության մասին, առանց հասկանալու, որ ոչ մի «միջազգային օրենսդրության» մեջ չի գովերգվում անպատասխանատվությունը և իրավական անգրագիտությունը: Ի վերջո, ինձ համար անընդունելի է, որ հարազատներիս Ամանօրյա նվերը չի հասնելու: Իսկ այն, որ «ՀայՓոստ»-ի դեմ խաղ չկա, այդքան էլ այդպես չէ՝ խաղ կա, ուղղակի խաղը դեռ չի սկսվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր