211652_close_icon
views-count3854 դիտում article-date 14:56 15-12-2017

Արման Խաչատրյանը Բանգկոկում մասնակցել է տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի հանդիպմանը, հաջորդ հանդիպումը Երևանում կանցկացվի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղեկալ Արման Խաչատրյանը դեկտեմբերի 12-15-ը Բանգկոկում մասնակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի հանդիպմանը և Ասիական տրանսպորտային մայրուղու ցանցի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի 7-րդ հանդիպմանը: Միջոցառումների ընթացքում քննարկվել են Ասիական տրանսպորտային և երկաթուղային մայրուղու, ինչպես նաև տեղեկատվական գերմայրուղու ներկա իրավիճակը, ընդլայնման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։ Լիագումար նիստերի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերն ու հեռանկարները: Միջոցառումների շրջանակներում Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շամշադ Ախթարի, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ՏՀՏ գծով տնօրեն Տիցիանա Բոնապասի և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տրանսպորտի գծով տնօրեն Յուվեի Լիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին և ծրագրերին ՀՀ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ։ Արման Խաչատրյանն առաջարկել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու կառավարման խմբի և Ասիական մայրուղու ցանցի հարցերով աշխատանքային խմբի բարձր մակարդակի հաջորդ՝ 2018թ., հանդիպումն անցկացնել Երևանում, ինչը ընդունվել է։

Նմանատիպ նյութեր