211652_close_icon
views-count32439 դիտում article-date 10:07 15-12-2017

Տավարի միսն արդեն 20 տոկոսով թանկացել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ամանորն այս տարի սպառողի գրպանին ավելի թանկ կնստի: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս խոսքով՝ թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի: «Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի, կամ ինչ չափով ապրանքներ կգնի: Նվազագույն ծախսերով կարելի է 75000 դրամի սահմաններում մի կերպ տեղավորվել»,– նշեց Կարեն Չիլինգարյանը: Ըստ նրա՝ մեր երկրում արդեն ավանդույթ է դարձել, որ սպառողը տոնական սեղան ունենալու համար վարկ է վերցնում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամանորյա թանկացումների հետ կապված բացառություններ չկան: Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն բարձրացել են: Կարեն Չիլինգարյանն արդեն նախատոնական շուկայում դիտարկումներ է կատարել և պարզել, որ օրեցօր թանկացող ապրանքների շարքում մսամթերքն է: «Խոզի բդի կիլոգրամը 3000 դրամի սահմաններում է: Չի բացառվում, որ մի քանի օրից հետո այն կրկին կբարձրանա: Տավարի միսն արդեն մի քանի է ամիս թանկացած է: Նախորդ տարվա համեմատ տավարի միսը շուրջ 20% թանկացել է»,– հայտնեց մեր զրուցակիցը: Մսամթերքի թանկացումը շղթայական գնաճի կհանգեցնի: Անխուսափելի կլինեն նաև երշիկեղենի թանկացումները: «Բաստուրման թանկացել է: Երշիկեղենի մնացած տեսակների գները դեռ չեն փոփոխվել»,– ասաց նա: Դիտարկումներ նաև բանջարեղենի և մրգի շուկայում է անցկացրել: Կարեն Չիլինգարյանի աչքից բանանի գինը չի վրիպել: «Սպառողներն ուրախացան, որ մի որոշ ժամանակ առաջ բանանի գինը նվազել էր, բայց այսօր կիլոգրամը 800 դրամի է հասել»,– տեղեկացրեց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահը: Կարագի աննախադեպ թանկացման հետևանքով, ըստ Կարեն Չիլինգարյանի, կբարձրանան նաեւ հրուշակեղենի գները: «Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,– ասաց նա: Ընդեղենի և չրեղենի շուկայում գներն աստղաբաշխական են: Ընկույզի գները 5500 դրամից են սկսվում: 6000–7000 սահմաններում է տատանվում հնդկական ընկույզի գները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր