211652_close_icon
views-count4491 դիտում article-date 23:37 14-12-2017

Ընդհանրապես, 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով. Սերժ Սարգսյանը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը ՀՀ-ում անցկացնելու մասին

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում երբևէ անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից, մենք այդպիսի փորձ չունենք: «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Արտակ Ալեքսանյանի հարցին, թե 2018 թ.-ի գլխավոր իրադարձություններից մեկը` Հայաստանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը որքանո՞վ է կարևոր Հայաստանի համար։ «Չափազանց կարևոր է: Ընդհանրապես 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով: Ինչպես նշեցիք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հոկտեմբերի 11-12-ին, գրեթե նույն ժամանակահատվածում մենք տոնելու ենք Երևանի 2800-ամյակը, իսկ մայիսին տոնելու ենք Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը: Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր։ Կոնկրետ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից: Մենք այդպիսի փորձ չունենք: Դա պահանջում է քրտնաջան աշխատանք, ճշգրիտ հաշվարկներ, կատարողական մեծ կարգապահություն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով դուրս գանք. դա և՛ հնարավորություն է, և՛ մարտահրավեր։ Մարտահրավեր այն առումով, որ պիտի կարողանանք իրոք բարձր մակարդակով անցկացնել, իսկ հնարավորություն այն տեսակետից, որ եթե մի անգամ կարողանում ենք անցկացնել այդպիսի մեծ ֆորում, ապա հաջորդներն իրենց շատ սպասել չեն տա»,– նշել է Նախագահը:

Նմանատիպ նյութեր