211652_close_icon
views-count4628 դիտում article-date 23:06 14-12-2017

Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել. Սերժ Սարգսյանը՝ ղարաբաղյան կարգավորման մասին

«Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում»։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։ «Վերջին երկու տարում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ։ Եւ հիմա պրոցեսը գնում է երկու ուղղությունով։ Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, մեխանիզմներ ստեղծել հետաքննության, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում։ Այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ համաձայնության»,- ասել է նախագահը։ Նրա խոսքով, մարդկային զոհերը միշտ ցավալի են եւ նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում։ «Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր բառը, որ հնարավոր լինի գալ համաձայնության»,- նշել է նա։ Հարցին, թե ինչ է առաջարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցերի ընթացքում, Սարգսյանը պատասխանել է. «Որեւէ հայեցակարգային առաջարկություն չկար։ Ընդհանրապես նոր առաջարկություն չկար։ Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ այցերի ընթացքում միայն Ղարաբաղի հարցը չենք քննարկում։ ՌԴ ԱԳ նախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել կոնֆլիկտը»։ Ներկայացնելով կարգավորման իր տեսլականը՝ նախագահը նշել է. «Շփման գծում պետք է հանդարտություն տիրի։ Զոհերը պետք է բացառվեն։ Մարդաորսը, որ կա այսօր, պետք է բացառվի։ Դա կստեղծի որոշակի մթնոլորտ, փոխվստահություն։ Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, սկսում է անվստահության որդը կրծել, խորանում է այդ անվստահության մթնոլորտը»,- նշել է նախագահը։

Նմանատիպ նյութեր