211652_close_icon
views-count2699 դիտում article-date 18:45 14-12-2017

ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակություններն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ ուրախալի է լսել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հունաստանի ու Կիպրոսի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված այս գեղեցիկ գործակցության մասին, որն ուղղված է երեք երկրների սփյուռքների միջև աշխատանքներ իրականացնելուն: Ճակատագրի բերումով մեր ժողովուրդները հարկադրված են եղել հեռանալ իրենց պատմական հայրենիքից և ապաստան գտել այլ երկրներում և շնորհիվ տվյալ երկրների հոգատար վերաբերմունքի՝ կազմակերպել են իրենց համայնքները, ազգային, հոգևոր, մշակութային կյանքը: Հայ առաքելական եկեղեցին և հունաց եկեղեցին սերտ համագործակցում են միմյանց հետ սփյուռքյան համայնքներում, և համայնքների միջև հարաբերությունները բարձր հարթության վրա են»: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցին և հույն եկեղեցին հաստատակամորեն կնպաստեն այս համագործակցության զարգացմանը, և երեք ժողովուրդների հանդեպ անարդար դրսևորումները միջազգային հարթակում կհասնեն ճշմարտացի ընկալման: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար: «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել դեռևս այս տարվա հունիսին: Վաղը Սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագիր կստորագրվի նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մենք ևս մեկ անգամ հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեր երկրների սփյուռքներին համախմբել, և հիմա այստեղ Ձեր օրհնությունն ենք խնդրում»,-նշեց Սփյուռքի նախարարը: Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը շեշտեց, որ քրիստոնեությունը և եկեղեցին կարևոր կամուրջ են յուրաքանչյուր համագործակցության համար և մեծապես կնպաստեն երեք երկրների սփյուռքների միջև հարաբերությունների սերտացմանը: Տերենս-Նիկոլաոս Քուիքը խոսեց նաև հայ և հունական եկեղեցիների միջև համագործակցության բարձր մակարդակի մասին: Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն իր խոսքում նշեց, որ Կիպրոսի հայ հայանքն աչքի է ընկնում կազմակերպվածությամբ, և կիպրական կառավարությունը փորձում է համայնքին օգնել բոլոր բնագավառներում: «Մեր երկրները ունեն ընդհանուր նպատակներ, ցանկություններ ու պատմություն: Մենք միավորում ենք մեր ջանքերը, ազգային շահերը, և հայկական, կիպրական ու հունական սփյուռքները միջոց են մեր նպատակներին հասնելու համար»: Այդ ճանապարհին Ֆոտիս Ֆոտիուն անփոխարինելի համարեց եկեղեցու օգնությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին կատարած աշխատանքների և ներդրած ջանքերի համար: Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր