211652_close_icon
views-count6822 դիտում article-date 21:49 12-12-2017

«Այս բեմը կյանք է տվել Շարմի տղաներին, Արամ MP3-ին, Կարեն Ավագյանին և շատ այլ հայտնի անձանց». Արմեն Աշոտյան

Հումոր, երաժշտություն, անկեղծություն, պատմական ակնարկ, բլից հարցում, պարգևատրում. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը 25 տարեկան է: ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը ստեղծվել է 1992-ին: Այն ՀՀ-ում առաջին ուսանողական ինքնակառավարման մարմինն է: Դեկտեմբերի 12-ին Բժշկականում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա էին ուսանողական խորհրդարանի առաջին և պատվավոր նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և 1992-ին՝ ուսանողական խորհրդարանի հիմնադրման տարեթվին, բուհի ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Պարոն Հակոբյանը հիշեց, թե ինչպես էր Արտակ Գրիգորյանը համառորեն ուզում ուսանողական կառույցը պառլամենտ անվանել. «Ուսանողական խորհրդարանը ստեղծվեց այն ծանր տարիներին: Արտակ Գրիգորյանի հետ սկսեցինք բանակցությունները, նա չգիտեմ որտեղից և ինչու ասում էր, որ պետք է կառույցի անունը դնել պառլամենտ: Մի քանի ամիս շարունակ ոգևորում էր ուսանողներին, հետո, երբ գործը հասավ ծայրահեղ աստիճանի, ընդհանուր համաձայնության եկանք, որ լինի խորհրդարան: Երկու-երեք տարի հետո Արտակ Գրիգորյանին հրավիրում էին ուրիշ բուհեր, թե մենք էլ ենք ուզում նման բան ստեղծել»: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեց այն օրերը, երբ ինքն էր ուսանողական խորհրդարանի նախագահ և նշեց՝ ամենակարևորն այն է, որ հարազատ բուհում, հարազատ բեմին է: Այնուհետև վստահեցրեց, որ այս բեմը կյանք է տվել Շարմի տղաներին, Արամ MP3-ին, Կարեն Ավագյանին և շուո բիզնեսում ու քաղաքականության ոլորտում հայտնի տարբեր այլ ներկայացուցիչների: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատագմավոր Կարեն Ավագյանն էլ նշեց, որ իրեն բախտ է վիճակվել մինչ օրս շփվել ու աշխատել ուսանողական կառույցների հետ, որոնք օր օրի ավելի ազդեցիկ ու մրցունակ են դառնում. «Բժշկականի ուսանողական կառույցը նույն տեմպերով այսօր էլ առաջ է գնում, և անկախ ամեն ինչից այդ հնարավորությունը լինելու է, քանի որ այդ կառույցում հավաքվում են մարդիկ, որոնք լավ սովորելուց բացի ուզում են նաև ինչ-որ լավ բան անել կողքինների համար»: Պարոն Ավագյանը հայտարարեց, որ որպես նվեր՝ ուսանողական խորհրդարանի ցանկացած վերազինման ծրագիր հիմնադրամի կողմից կարժանանա հավանության: Այնուհետև պատգամավորը մասնակցեց բլից հարցման: ԵՊԲՀ ռեկտր Արմեն Մուրադյանն էլ, շնորհավորելով ուսանողներին, նշեց. «Ուսանողական խորհրդարանը կազմակերպված ուսանողությունն է, իսկ դա նշաակում է, որ կազմակերպված մեր ապագան է»: Տոնական միջոցառման ընթացքում ներկայացվեց պատմական ակնարկ ուսանողական խորհրդարանի ստեղծման մասին, հումորային և երաժշտական ծրագիր: Պարգևատրվեցին ուսանողական խորհրդարանի նախկին նախագահներն ու Բժշկականի նախկին ռեկտորները, որոնք իրենց ավանդն են ունեցել ուսանողական խորհրդարանի կայացման գործում: [b] Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր