211652_close_icon
views-count6388 դիտում article-date 19:57 11-12-2017

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը: Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել իրանական կողմի հետ հարաբերությունները զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ դեռ անելիքներ կան հատկապես առեւտրատնտեսական, էներգետիկ եւ զբոսաշրջության ոլորտներում: Պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ԻԻՀ եւ ՀՀ բարեկամության ու քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացման մասին: Նրանց գնահատմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները եղել եւ շարունակում են մնալ եղբայրական: Պատվիրակության ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի դասավորվածությունն ու մշտական հանձնաժողովների գործունեությունը: Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ վերահաստատում ենք, որ մեզ համար հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցային լուծումն է՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի: Թեեւ նախորդ տարիների համեմատ նվազել է երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը, սակայն մենք տեսնում ենք դրա զարգացման ճանապարհը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»: Վահրամ Բաղդասարյանը հավելել է նաեւ, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Աղվան Վարդանյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Իրանը բացառիկ դերակատարություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում եւ անկախ բոլոր հնարավոր ու անհնար ճնշումներից Իրանը միշտ կարողացել է պահել իր ինքնուրությունն ու հստակ քաղաքականությունը: Այս օրերին էլ հերթական սադրանքներ, որոշակի խնդիրներ կան, բայց ես վստահ եմ, որ Իրանը չի տրվի որեւէ սադրանքի եւ կշարունակի իր քաղաքականությունը»: Խոսելով Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների մասին՝ Աղվան Վարդանյանն ասել է, որ երկու պետությունների հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նկատել է, որ վերջին տարիներին Իրանում դրական փոփոխությունները տպավորիչ են, Իրանը նկատելիորեն առաջ է շարժվում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Իրանի հետ բարեկամության զարգացմանը խոչընդոտելուն միտված ճնշումները Հայաստանի նկատմամբ թեեւ քիչ չեն, սակայն հայկական կողմն ակտիվորեն շարունակում է զարգացնել համագործակցությունը: Կորյուն Նահապետյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային հատուկ խումբ, որը կգույքագրի Հայաստան-Իրան համագործակցության հիմնական ուղղությունները եւ հատուկ մշակված ծրագրերի իրագործմամբ կհասնի համագործակցության առավել բարձր աստիճանի, ինչում մեծ դեր կարող են ունենալ երկու պետությունների խորհրդարանները: Վահե Էնֆիաջյանը, խոսելով երկու պետությունների համագործակցությունից, տեղեկացրել է, որ միջազգային հարթակներում ՀՀ պատգամավորները, լավ ճանաչելով Իրանի մշակույթը, քաղաքական ու տնտեսական իրավիճակը, մշտապես խոսում են Իրանի մասին, վերջինիս հնարավորինս ներկայացնում աշխարհին: ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանն Իրանի բարեկամ երկիրն է, եւ ինքն ուրախ է ընդունել հայկական պատվիրակությանը: Իրանի խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում բոլոր ճնշումներով հանդերձ իրանական կողմը մշտապես պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ թե խորհրդարանական եւ թե կառավարությունների մակարդակում: Ալի Լարիջանին գոհունակություն է հայտնել Իրան-Հայաստան բարեկամական խմբին աշխատանքների առնչությամբ: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Ալի Լարիջանին նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունների սրումը որեւէ մեկին օգուտ չի կարող տալ. դրանք պետք է լուծվեն բանակցություններով: Խոսելով Մեղրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին՝ Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջարկել է լայն համագործակցել իրենց երկրի առեւտրային պալատի հետ, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նպաստավոր պայմաններ գործարարների համար: Նա միաժամանակ անհրաժեշտ է համարել գործարարների լայն շրջանակի ներգրավումն այդ գործընթացում: Ալի Լարիջանին բարեկամական խմբերին հորդորել է առավել ակտիվացնել համագործակցությունն ու աշխատել տնտեսական կապերն առավել զարգացնելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր