211652_close_icon
views-count35446 դիտում article-date 19:37 09-12-2017

Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Արցախի Անկախության մասին՝ հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ

Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանը իր շնորհավորանքի խոսքն է ասել Արցախի Անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ Արցախի Անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ջերմ շնորհավորանքներս Արցախի հերոսական ժողովրդին և իշխանություններին, անձամբ նախագահ Բակո Սահակյանին, պաշտպանության բանակին` շարքայինից նախարար: Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, քաջարի արցախցիներին: Ես հպարտանում եմ ձեզանով, հարգարժա´ն արցախցիներ: Շնորհավորում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր արցախցիներին և առհասարակ` աշխարհասփյուռ հայ ազգին: Հատուկ շնորհավորանքներս մեր նահատակ ընկերներին և հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին: Արցախի ժողովուրդը բախտորոշ համաժողովրդական քվեարկությունները երկու անգամ կազմակերպել է հենց դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991-ի այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը վճռականորեն «Այո´» ասաց անկախությանը: 2006-ի այս օրն էլ հայկական Արցախ պետությունը հանրաքվեով Սահմանադրություն ընդունեց: Արցախցին հետևողականորեն ապացուցել է աշխարհին, մարդկությանը, որ կարող է օրինակելի պետություն ստեղծել: Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշերը, ունի պետականությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները: Արցախն այսօր առավել ժողովրդավարական պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը: Արցախում այսօր առավել պաշտպանված ու հարգված են մարդու հիմնական իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Արցախն, այսինքն, փաստարկված կերպով, ապացուցել է, որ ինքը չի կարող լինել հետամնաց, բռնատիրական Ադրբեջանի կազմում: Շնորհավորելով Արցախի պետությանն ու ժողովրդին` հավաստիացնում եմ Արցախյան պատերազմի մասնակից բոլոր երկրապահ կամավորական ազատամարտիկների անունից, երեք սերունդների երկրապահների անունից, որ անհրաժեշտության պահին միասնաբար պատրաստ ենք կանգնել պատերազմական առաջնագծում, ցանկացած իրավիճակում պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդին և հայկական Արցախ պետությունը: Երկրապահն Արցախում էր ոչ միայն 1989-94 թվականներին, ոչ միայն ապրիլյան պատերազմի օրերին, այլև՝ ընդմիշտ: Մենք միշտ դիրքապահ հայ զինվորի կողքին ենք, սահմանապահ բնակչության կողքին: Զուգահեռաբար շնորհավորելով բոլորին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ` մաղթում եմ, որ բոլորս հարգենք մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները: Հիշենք, որ մեր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները: Համայն մարդկությունը պետք է համախմբվի, որպեսզի միասնաբար պայքարի ահաբեկչության դրսևորումների դեմ, ինչպիսին է նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան»:

Նմանատիպ նյութեր