211652_close_icon
views-count9174 դիտում article-date 18:40 09-12-2017

Հայաստանի օլիմպիական չեմպիոնները՝ դոպինգային սկանդալի մասին

Հայաստանի օլիմպիական չեմպիոնները, մեդալակիրները, օլիմպիական խաղերի մասնակիցները, մարզիչները միանում են ՀԱՕԿ-ի ու Սպորտի և երիտասարդություն հարցերի նախարարության հայտարարությանը, որով դատապարտվում է դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը: Նրանք նույնպես գտնում են, որ անարդարացի կլինի անբարեխիղճ մարզիկների պատճառով արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին պատժելը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը լավ է հասկանում մարզիկների զգացողությունները: 1992 թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերում նա իր ոսկին նվաճել էր ԱՊՀ դրոշի ներքո. «Օլիմպիական խաղերում երկիրը ներկայացնելը մեծ պարծանք է յուրաքանչյուր մարզիկի համար: Շատ ցավալի է, որ մաքուր մարզիկները նույնպես պատժվում են՝ Խաղերում զրկվելով իրենց դրոշից, օրհներգից: Ամեն մի մարզիկ պայքարում է և իր և երկրի համար: ԽՍՀՄ փլուզումից հետո մենք Բարսելոնայում հանդես էինք գալիս ԱՊՀ դրոշի ներքո, սակայն իմ մարզաշապիկի վրա գրված էր «ARMENIA»: Ես դրանով հպարտանում էի: Կարծում եմ՝ արդարացի չէ, որ անմեղ մարզիկները Հարավային Կորեայում մասնակցեն օլիմպիական դրոշի ներքո»,- նշեց Իսրայել Միլիտոսյանը: Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով ստեղծված իրավիճակի համար պետք է պատժվեն միայն մեղավորները. «Ես գտնում եմ, որ մաքուր մարզիկներին պետք է աջակցեն բոլորը: Նույն իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած երկիր: Ի՞նչ է նշանակում՝ մաքուր մարզիկը չմասնակցի օլիմպիական խաղերին կամ հանդես գա չեզոք դրոշի ներքո: Ինչո՞ւ պետք է մեղավորների պատճառով տուժեն անմեղ մարզիկներ: Սա շատ վիրավորական է: Բոլոր ազգային օլիմպիական կոմիտեները մերժում են արգելված նյութերի օգտագործումը, մարզիկներին բացատրում, որ դա անթույլատրելի է»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը: Մի քանի օր առաջ ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանին 2018 թ. օլիմպիական ձմեռային խաղերից: Սակայն, մաքուր մարզիկներին թույլ տվեց հանդես գալ Փհենչհան-2018-ում՝ չեզոք դրոշի ներքո:

Նմանատիպ նյութեր