211652_close_icon
views-count20551 դիտում article-date 10:36 09-12-2017

Ճի՞շտ է արդյոք մանդատից զրկել պատգամավորին իր արտահայտած տխմար մտքի համար. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամենայն հարգանքով հանդերձ բոլոր տեսակի հասարակական շարժումների հանդեպ՝ ես, այնուամենայնիվ, չեմ շտապում դրանց միանալ: Նախ՝ այն պատճառով, որ վերապահումներ ունեմ որևէ «երամի» մեջ հայտնվելու հարցում: Եվ երկրորդ՝ փորձում եմ խուսափել պոպուլիստական, հուզական որոշումներից: Արգելել Հայաստանում ռուսաստանյան ալիքների վերահեռարձակումը՝ այն հիմքով, որ այնտեղ երբեմն հակահայկական հաղորդումներ են սփռվում, ինձ այնքան էլ պայծառ գաղափար չի թվում: Նախ՝ կացնային պուտինյան քարոզչության կողքին այդ ալիքներով սփռվում են բարձրորակ, հետաքրքիր ոչ քաղաքական հաղորդումներ: Երկրորդ՝ հեռուստաալիքներն այսօր վճռական ազդեցություն ունեն 50-ից բարձր լսարանի վրա, ավելի երիտասարդ մարդկանց մեծ մասը գերադասում է համացանցը: Իսկ համացանցում կարելի է գտնել ամեն ինչ՝ այդ թվում միանգամայն ողջախոհ, սոլիդ և անաչառ ռուսալեզու աղբյուրներ: Բացատրել հայաստանյան հասարակությանը, որ պուտինյան քարոզիչներն ամեն քայլափոխի ստում են՝ դա թերևս պետք է, բայց արգելել որևէ բան... մենք դա արդեն անցել ենք: Մանդատից զրկել Հակոբ Հակոբյանին՝ այստեղ ես ավելի շատ վերապահումներ ունեմ: Եթե նույնիսկ կան համապատասխան իրավական մեխանիզմներ, ճի՞շտ է արդյոք մանդատից զրկել պատգամավորին իր արտահայտած ցանկացած՝ ժողովրդական կամ հակաժողովրդական, խելացի կամ տխմար մտքի համար: Այո, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահը պետք է հասկանա, որ կարագը կամ միսը շքեղության առարկաներ չեն, դրանք մտնում են ցանկացած ժամանակակից մարդու սննդակարգի մեջ, և դրանց թանկացումը շատ ցավագին հարված է հասցնում մեր անապահով խավերին: Աղքատ երկրում ապրող քաղաքական գործիչը պետք է նաև 10 անգամ մտածի՝ աղքատության մասին որևէ դատողություն անելուց առաջ: Բայց, կրկնեմ, արտահայտած տեսակետի համար մանդատից զրկելը կարող է վատ նախադեպ լինել: Պատգամավորին «պատժելու» լավագույն ձևը նրան այլևս չընտրելն է, և նորմալ հասարակությունում Հակոբ Հակոբյանը այլևս երբեք պատգամավոր չէր դառնա: Բայց կգա ընտրությունների ժամանակը, ընտրողներին կհիշեցնեն Հակոբյանի «բարեգործությունները», և մանդատը կրկին կհայտնվի այդ պատգամավորի գրպանում: Եվ վերջապես՝ ինչո՞վ է Հակոբ Հակոբյանը տարբերվում իր խմբակցության անդամների մեծամասնությունից: Որ ասում է այն, ինչ մտածո՞ւմ է, իսկ մնացածը թաքցնո՞ւմ են իրենց արհամարհանքը աղքատների հանդեպ: Թաքցնելն ավելի լա՞վ է: Ընկերներիցս մեկը հետևյալ զուգահեռը բերեց: Հրայր Թովմասյանն ասում է, որ պետք է հետևողական աշխատանք տանել իշխանությունների թևերը տարանջատելու համար: Նույն խմբակցությունից Մանվել Գրիգորյանն ասում է՝ «մեխն էլ է քո ձեռը, չագուչն էլ»: Ո՞վ է ավելի անկեղծ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր