211652_close_icon
views-count70661 դիտում article-date 09:55 09-12-2017

Հունվարի 1-ից ներմուծման նոր արգելք կգործի. 3-րդ երկրից ներկրումները կարգելվեն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը: Սա ենթադրում է, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: Այսինքն, եթե քաղաքացին Ճապոնիայի ավտոշուկայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնել եւ տեղափոխում է Հայաստան, որպեսզի վաճառի, ապա սահմանային անցակետում ներմուծումը կարգելվի: Խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը: [b]Պարոն Աբգարյան, խնդրում եմ ասել, ո՞րն է բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:[/b] Եթե խոսակցականով ասենք, ապա զուգահեռ ներկրման դեպքում բացառիկ իրավունքի սկզբունքը հետևյալն է՝ յուրաքանչյուր երկրում ապրանքային նշանի իրավատերն ունի բացառիկ իրավունքներ: Բացառիկ իրավունքների մեջ մտնում է այլ անձանց՝ իրենց ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումն արգելելը: Այսինքն՝ առանց իր թույլտվության, իր ապրանքային նշանի ներկրումն արգելելը: Բացառություն է, եթե երրորդ անձինք այլ երկրներում օրինական կերպով ձեռք են բերել իրավատիրոջ ապրանքային նշանով մակնշված արտադրանքը, և ներկրում են այն երկիր, որտեղ իրավատերն իրավունք ունի: Այս պահին արդեն փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախկինում իրավատերն իրավունք չուներ արգելելու օրինական ձեռքբերված ապրանքի ներմուծումը, հիմա տարածաշրջանային սկզբունքի ներդրման պարագայում՝ իրավատերն արդեն իրավունք ունի արգելել 3-րդ անձանց իր ապրանքային նշանով մակնշված արտադրանքը ներկրել, եթե այն ձեռք է բերվել ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններից դուրս: [b]Օրինակ 1-ին՝ քաղաքացին գնում է «Մերսեդես բենս» տեսակի ավտոմեքենաներ ՌԴ-ից, որոնք ներկրվում է ՀՀ: Մեքենաները գնվում են շուկայից և ոչ թե պաշտոնական ներկայացուցչությունից, իսկ Հայաստան բերվում են՝ վաճառքի նպատակով: Քաղաքացուն պատասխանատվություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:[/b] Այս դեպքում պատասխանատվության մասին չի խոսքը: Իրավատերը չի կարող արգելել ներմուծումը, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկից է ներկրումը կատարվել: [b]Օրինակ 2-րդ: Քաղաքացին Ճապոնիայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնում, ապա ներկրում է Հայաստան: Այդ դեպքում Երևանում «Միցուբիշի»-ի ներկայացուցիչը քաղաքացու համար արգելք կստեղծի՞:[/b] Իրավունք ունի արգելել սահմանից ներմուծումը: Այդ դեպքում նույն «Միցուբիշի» ընկերությունն իրավունք ունի արգելել ներմուծումը: Ճապոնիայից կլինի, թե Եգիպտոսից կամ Գերմանիայից, իրավատերն իրավունք ունի արգելելու ներմուծումը: [b]Երրորդ օրինակը բերեմ՝ «Սնիկերս» տեսակի շոկոլադների ներկրումը: Քաղաքացին շոկոլադները գնել է Մոսկվայից, ներկրել է Երևան: Ապրանքանիշի իրավատերը Երևանում ներկայացուցչություն ունի, կարո՞ղ են արգելել ներկրումը:[/b] Ոչ, չեն կարող արգելել: Դուք կարող եք ցանկացած տեսակի ապրանքային նշանի օրինակը բերել: Եթե ԵԱՏՄ անդամ երկրներից չի օրինական ձեռքբերվում, այլ երկրներից է ներկրվում, բոլորն իրավունք ունեն սահմանից արգելել ներմուծումը: Զուգահեռ ներկրումը դա է: Այս պարագայում, դա սահմանափակված է: Ընկերության ներկայացուցիչն իրավունք ունի գրանցվել սահմանային անցակետում, և արգելել ներկրումը այլ երկրներից: Բացառության են կազմում ԵԱՏՄ անդամ երկրները: [b]Ո՞րն է ձեր կարծիքն այս նորամուծության հետևանքների վերաբերյալ: Արդյո՞ք ներկրման վրա բացասական ազդեցություն չի ունենա:[/b] Գործակալությունը նման ուսումնասիրություն չի կատարել, և տնտեսական հետևանքների հարցը մեր իրավասությունների մեջ չի մտնում: Ճիշտ է, կան անձինք, որ ասում են դրական ազդեցություն կունենա, կան անձինք, որ հակառակն են ասում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր