211652_close_icon
views-count6353 դիտում article-date 19:12 05-12-2017

26 ընտանիքի նվիրատվությամբ հանրակացարանային տարածք է հատկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է հանրակացարանային տարածքների նվիրատվության/սեփականաշնորհման/ գործընթացը: Նվիրատվության պայմանագրերի հերթական խմբաքանակը կնքվել է այսօր` դեկտեմբերի 5-ին, վարչությունում: ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 401-Ա որոշմամբ սահմանվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող՝ 2066.6 քառ.մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը պետք է նվիրատվությամբ հատկացվեն այնտեղ փաստացի բնակվողներին: Վարչության պետ Արման Սահակյանի հանձնարարականով ՊԳԿՎ աշխատակիցներն այցելել են տվյալ համայնք, լրացուցիչ ճշգրտումներ կատարել, աջակցել բնակիչներին՝ փաստաթղթերը նախապատրաստելու և նվիրատվությունն ընդունելու համար: Սույն որոշման շրջանակում 26 ընտանիքի 119 բնակչի հետ կնքվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերը: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը շնորհավորել է բնակիչներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ. «Մաղթում եմ, որ սեփականության իրավունքով նվիրատվությամբ պետությունից ձեռքբերված բնակարանը երջանկության ու հաջողության հանգրվան լինի յուրաքանչյուր ընտանիքի համար և մենք էլ արդարացված տեսնենք մեր ջանքերը: Այս առիթով կրկին ուզում եմ հայտարարել և հորդորել հանրակացարաններում ապրող բոլոր մեր քաղաքացիներին՝ դիմեք մեզ, տեր կանգնեք սեփականության ձեր իրավունքին: Օրենքով սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում Պետական գույքի կառավարման վարչությունում ձեզ կօգնեն, որպեսզի խնդիրը շատ արագ կարգավորվի, ավելորդ ժամանակ ու ֆինանս չծախսեք»: Հիշեցնենք, որ համաձայն գործող կարգի, հանրակացարանային տարածքները նվիրվում են առնվազն հինգ տարի դրանք զբաղեցնող անձանց՝ այն դեպքում, եթե նրանք սեփականության իրավունքով այլ անշարժ գույք չունեն: Վերջին տարիներին նվիրատվության/սեփականաշնորհման/ գործընթացը եզրափակիչ ակտիվ փուլ է տեղափոխվել, ինչի արդյունքում արդեն իսկ 1023 ընտանիքի սեփականության իրավունքով հանձնվել է 1137 հանրակացարանային սենյակ, որից 796-ը՝ մայրաքաղաքում և 341-ը` մարզերում: Վարչությունում այս ուղղությամբ իրավիճակի գույքագրում է իրականացվել, ըստ որի՝ շուրջ 897 սենյակ դեռևս ենթակա է նվիրատվության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր