211652_close_icon
views-count2738 դիտում article-date 19:34 04-12-2017

Երևանը Մոլդովայի հետ փոխանակել է զբոսաշրջային ոլորտում իրականացված ծրագրերը

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ միասին հանդիպել է ճանաչողական այցով Երևան ժամանած Մոլդովայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության անդամներին, որոնք ներկայացնում էին Մոլդովայի զբոսաշրջային ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ու հասարակական հատվածները: Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նախ շնորհավորել է հյուրերին՝ վերջերս Մոլդովայում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի բացման առիթով, այնուհետ ներկայացրել է Երևանի զբոսաշրջային զարգացման հիմնական ուղղությունները, հատկապես միջոցառումային զբոսաշրջության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, ենթակառուցվածների զարգացման, հյուրանոցաշինության, ներդրումային ծրագրերի և միջազգային համագործակցության համատեքստում: Մոլդովայի պատվիրակության անդամներն իրենց հերթին երևանյան գործընկերներին հայտնել են իրենց տպավորությունները՝ առանձնակի ընդգծելով Երևանում իրենց հանդեպ ցուցաբերված ջերմ ընդունելությունը, նաև անկեղծ հիացմունք են արտահայտել Երևանի՝ քաղաքային զբոսաշրջության ոլորտում գրանցած հաջողությունների վերաբերյալ: Առանձնակի կարևորելով Երևանի և Քիշնևի միջև առկա ջերմ հարաբերությունները՝ կողմերը փոխանակել են անհրաժեշտ տեղեկատվություն՝ նախանշելով հետագա հնարավոր համագործակցության եզրերը: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետի անունից պատվիրակության բոլոր անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր