211652_close_icon
views-count5561 դիտում article-date 19:07 28-11-2017

Մանուել Պետրոսյան. Շնորհակալ եմ բոլորին օգնության և աջակցության համար

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մանուել Պետրոսյանը և մրցաշարում հայկական պատվիրակության ղեկավար, մարզիչ Արսեն Եղիազարյանը: [b]Արսեն Եղիազարյան.[/b] «Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը շատ լուրջ մրցաշար է: Հաղթողը միանգամից միջազգային գրոսմայստերի կոչում և աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է ստանում: Այդ պատճառով հանդես են գալիս բոլոր ուժեղագույն երիտասարդ շախմատիստները: Բացի Մանուել Պետրոսյանից, մրցաշարին մասնակցեցին Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան Ծաղկաձորում մեզ համար ուսումնամարզական հավաք էր կազմակերպել, ինչի շնորհիվ կարողացել էինք առաջնությանը լավ պատրաստվել: Մանուելի մեկնարկն այնքան էլ հաջող չէր, բայց վերջում լավացրեց խաղի որակը և որոշիչ պարտիաներում կարողացավ հաղթել երկու ուժեղագույն մրցակիցների, այդ թվում վերջին տուրում չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկին, այն էլ սև խաղաքարերով: Կարծում եմ, Մանուելն արժանիորեն զբաղեցրեց երկրորդ տեղը: Ինչ վերաբերում է առաջին տեղի համար պայքարին, նորվեգացի Արի Տարյանը լավ էր մեկնարկել և վերջում մի քանի ոչ-ոքիներով նվաճեց չեմպիոնական տիտղոսը: Մեր մյուս շախմատիստներն այնքան էլ հաջող հանդես չեկան: Հայկ Մարտիրոսյանը դեռ 17 տարեկան է և ապագայում անպայման մեդալ կնվաճի այս առաջնությունում: Նա կարողացավ բարելավել իր անհատական վարկանիշը, ինչն արդեն իսկ լավ է: Տիգրանն ու Սիրանուշը տարբեր հանգամանքներով պայմանավորված, իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Տիգրանը թույլ մեկնարկից հետո վերջում ավելացրեց, իսկ Սիրանուշը վաստակեց միավորների 50 տոկոսը: Կցանկանայի նշել ,որ Մանուելի անձնական մարզիչ Արման Փաշիկյանը բացակայում էր, սակայն Մանուելն ու նա համացանցով կապ էին պահպանում, ինչը նպաստեց Մանուելի հաջող ելույթին: Խորհուրդներով Մանուելին օգնում էր նաև Լևոն Արոնյանը, չնայած մեր առաջատար գրոսմայստերն այդ օրերին մասնակցում էր ՖԻԴԵ-ի Գրան Պրիի խաղարկության փուլին: [b]Մանուել Պետրոսյան[/b]. «Ես իրոք անհաջող մեկնարկեցի, այնուհետև սկսեցի ավելի լավ խաղալ: Կարծում եմ վերջում, մյուս մասնակիցների համեմատ ուժերս ավելի էին ներում պայքարելու մրցանակային տեղի համար: Մրցակիցներս շատ էին հոգնել, անվստահ էին գործում և սխալներ թույլ տալիս: Վերջին պարտիայում մրցակիցս տրամադրված էր միայն հաղթանակի, ռիսկային էր գործում, բայց մենք լավ էինք նախապատրաստվել, և ինձ հաջողվեց հասնել որոշիչ առավելության: Շատ միավորներ էի հավաքել, բայց առաջին տեղի համար բավարար չեղավ: Ֆիզիկապես ինձ հրաշալի էի զգում, ինչի համար շնորհակալ եմ ֆիզիկական պատրաստության մարզչիս՝ Վահան Նիկոլյանին: Տասնինը տարեկան եմ և դեռ կհասցնեմ ևս մեկ անգամ հանդես գալ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Ճիշտ եզրակացություններ կանեմ և կշարունակեմ աշխատել: Օգնության և աջակցության համար երախտապարտ եմ Արսեն Եղիազարյանին, Արման Փաշիկյանին և Լևոն Արոնյանին: Նրանց խորհուրդներն ինձ շատ օգնեցին: Այս տարի սա իմ վերջին մրցաշարն էր, կպատրաստվեմ հաջորդ տարվա մրցաշարերին»:

Նմանատիպ նյութեր