211652_close_icon
views-count3570 դիտում article-date 19:16 28-11-2017

Փաստաբանների պալատն առաջարկություններ է ներկայացրել ընտանիքում բռնությունների կանխարգելման օրենսդրական փոփոխությունների մասին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն առաջարկում է՝ Ա. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագծի) կատարել հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները (մանրամասները տես՝ կցված նյութերում)՝ 1. Երեխայի շահերի առաջնահերթության սկզբունքը փոխարինել երեխայի շահի սկզբունքով. Այս փոփոխությունն առաջարկվում է հետագա կամայական մեկնաբանություններից խուսափելու համար: Օրինակ՝ սահմանամերձ բնակավայրում բնակվող ընտանիքից երեխային կարելի է վերցնել «ղեկավարվելով» երեխաների ԱՌԱՋՆԱՀԵՐԹ շահով: Մինչդեռ երեխայի շահն իր ընտանիքում սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտում բնակվելն է: 2. Բռնությունների նոր տեսակների սահմանումներում կատարել որոշակի փոփոխություններ: 3. Բռնությունների նոր տեսակները ընտանեկան միջանձնային հարաբերություններում սխալ մեկնաբանելը և ծնողների դաստիարակչական գործառույթների հետ անհարկի նույնացնելը բացառելու համար հետևյալ երկու նախադասությունը ներառել Նախագծում՝ Ծնողի դաստիարակչական այն գործառույթը, որը սահմանափակում է երեխայի իրավունքները և ազատությունները ելնելով երեխայի շահից, չի կարող համարվել բռնություն և առաջացնել որևէ պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքի: Արգելվում է ընտանիքի նյութական վատ վիճակով պայմանավորված երեխաներին ծնողներից հարկադրաբար վերցնել:: 4. Նախագծով սահմանել «Ամուսիններ» հասկացությունը հետևյալ կերպ՝ «Ամուսիններ՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած տղամարդն ու կինը, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդն ու կինը, ովքեր ոչ պակաս, քան մեկ տարի բնակվում են համատեղ կամ ունեն ընդհանուր երեխա կամ բնակվում են համատեղ, և կինը հղի է:»: Նախագծով սահմանված է ամուսին, այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ)(…): Սա խնդրահարույց է այնքանով, որ փաստական ամուսնական հարաբերություններ եզրույթն անծանոթ է ՀՀ օրենսդրությանն ու իրավական համակարգին: Ավելին՝ Նախագծով տրված չէ փաստական ամուսնությունների սահմանումը, այլ միայն նշված է ամուսնական հարաբերությունների այդ կատեգորիան: Նման պայմաններում իրավակիրառողը հնարավորություն չի ունենալու ճշգրիտ որակել միջանձնային հարաբերությունները և ստիպված է լինելու առաջնորդվել իր սուբյեկտիվ պատկերացումներով, ինչն անթույլատրելի է իրավական պետությունում: Քննարկվող դեպքում փաստական ամուսնական հարաբերությունների օրենսդրական սահմանումը պետք է կատարվի այնպես, որպեսզի հաշվի առնվեն տղամարդու և կնոջ համակեցության այլ տարատեսակների առանձնահատկությունները, և նրանց միջև հարաբերության ցանկացած այլ դրսևորում չորակվի որպես փաստացի ամուսնական բնույթ ունեցող: 5. Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված «նախազգուշացում» պաշտպանության միջոցը (երեք տեսակի պաշտպանության միջոցներից մեկը) հանել: Նախագծով «Նախազգուշացում» պաշտպանության միջոցը կարող է կիրառվել, առերևույթ բռնության դեպքում: Այստեղ, իրավակիրառող մարմնի կողմից իրականացվելիք վարչարարության իրավաչափության չափանիշը ցածր է, և պարտադիր չէ իրականացնել ապացույցների հավաքման և ընտանիքում բռնության կիրառման փաստը հիմնավորելու բազմակողմանի գործողություններ: Ընդ որում, նախազգուշացումը՝ որպես վարչական ակտ, ունի բավական լուրջ իրավական հետևանքներ: Մասնավորապես, Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխան՝ նախազգուշացման ենթարկված անձը Ոստիկանության կողմից վերցվում է կանխարգելիչ հաշվառման, որը, ի թիվս այլոց, ներառում է սոցիալական աշխատողի կողմից առնվազն ամսական մեկ անգամ այցելություն և հանդիպում բռնության զոհերի և ենթադրյալ բռնարարների հետ, նրանց փոխհարաբերությունների վերաբերյալ փաստահավաք գործողությունների իրականացնում և այլն: Առնվազն միայն սույն դրույթը ենթադրում է անձի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակում: 6. Նախագծով սահմանված երկրորդ տեսակի պաշտպանության միջոցը կիրառելու, այն է՝ անհետաձգելի միջամտության որոշումը կայացնելու լիազորությունը ոստիկանությունից փոխանցել սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին: Ոստիկանությանը պետք է լիազորել աջակցել գործընթացին: Սույն միջոցի կիրառման իրավաչափության համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանի միաժամանակյա առկայությունը՝ ա. ընտանիքի անդամի նկատմամբ բռնության կիրառում. բ. հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին: Սույն պարագայում ընտանիքում բռնության որևէ դրսևորման՝ ապագայում կրկնվելու հավանականությունը որոշելու համար անհրաժեշտ է դեպքի հանգամանքների բազմակողմանի քննություն և վերլուծություն, ընտանեկան փոխհարաբերությունների բնույթի պարզում, համապատասխան հատուկ գիտելիքների տիրապետում և այլն: Հետևաբար ապացուցման այն չափանիշը, որն առաջարկվում է Նախագծով, այն է՝ հիմնավոր ենթադրությունը, չի երաշխավորում իրավակիրառ մարմնի կողմից մանրամասն և բազմակողմանի փաստահավաք գործունեության իրականացում, ինչն ստեղծում է սխալ որակման, իրավասու պետական ծառայողի կողմից վարչական կամայականության և որպես արդյունք անձի իրավունքների անիրավաչափ և անհարկի սահմանափակման վտանգ: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հոդվածում նշված որոշումների զգալի մասը վերաբերում է անձի սահմանադրական իրավունքներին, ինչպես նաև հատկապես հոգեբանական և տնտեսական բռնության մասով պահանջում է հոգեբանական և այլ հատուկ գիտելիքներ՝ Ոստիկանությանը Նախագծով նախատեսված ընդարձակ լիազորություններ տալը կարող է առաջացնել կոռուպցիոն, ոստիկանության ծառայողների մոտ հատուկ գիտելիքների պակասի կամ բացակայության հետևանքով գործնական իրավիճակների սխալ որակման և սխալ որոշումների ընդունման հետևանքով մարդու իրավունքների խախտումների դրսևորումներ: 7. Որպես անհետաձգելի միջամտության տեսակ՝ բռնություն գործադրած անձին վտարելու հնարավորությունը սահմանափակել, եթե ենթադրյալ բռնություն գործադրողը բնակարանի սեփականատերն է: Այս դեպքում, ապահովվում է բռնության ենթարկված անձի տեղափոխումը նշված բնակության վայրից: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով պաշտպանվում է մարդու սեփականության իրավունքը: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է անձի արդար դատաքննության իրավունքը բոլոր այն դեպքերում, երբ իրեն առաջադրվել է քրեական մեղադրանք: Ընդ որում, ՄԻԵԴ-ը «քրեական հանցագործություն» եզրույթը համարում է ինքնավար եզրույթ և այն գնահատելիս հիմնվում է ոչ միայն և ոչ այնքան ներպետական օրենսդրության, որքան իր կողմից մշակված մի շարք փոխկապակցված պարտադիր սկզբունքների վրա: Այդ սկզբունքներն են՝ օրենսդրությամբ խնդրո առարկա արարքին տրված դասակարգումը կամ որակումը, արարքի բնույթը և պատժի կամ սանկցիայի բնույթը (Engel and Others v Netherlands, 8 հուլիսի, 1976թ.): Ընդ որում, եթե տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված արարքը քրեականացված չէ, սակայն բավականաչափ խիստ է, ապա ՄԻԵԴ-ի կողմից պետության դիրքորոշումն արարքի որակման հարցում ստորադասվում է իր կողմից մշակված մնացյալ երկու ավտոնոմ սկզբունքներին: Այս սկզբունքների համադրումը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ ցույց է տալիս, որ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածին և ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկային, քանի, որ սույն պարագայում Նախագծով նախատեսված անհետաձգելի որոշման տարատեսակը, այն է՝ ենթադրյալ ընտանեկան բռնության համար մեղադրվող անձին բնակարանից վտարելը այն դեպքում, երբ այն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, հանդիսանում է քրեական մեղադրանքի հիման վրա կայացված որոշում՝ ելնելով այն հանգամանքից, որ թե՛ այն արարքը, որի համար Նախագծով նախատեսված է բնակարանի սեփականատիրոջ վտարում, թե՛ վտարումը՝ որպես ենթադրյալ իրավախախտման անբարենպաստ իրավական հետևանք համապատասխանում են քրեական մեղադրանքի՝ Կոնվենցիայով նախատեսված հասկացությանը: 8. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով մասով սահմանված անհետաձգելի միջամտության տարատեսակները (ընտանիքի անդամների հետ շփվելը, հեռավորություն սահմանելը և հեռախոսային և կապի այլ միջոցներով ընտանիքի անդամի հետ հաղորդակցվելու արգելքը) հանել: Ընտանեկան օրենսգրքի 52-67-րդ հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն իրավունք ունեն իրականացնել իրենց երեխաների դաստիարակությունը, իրենց երեխաների կրթության, դաստիարակության և մնացյալ հարցերը լուծում են համատեղ և փոխադարձ համաձայնությամբ: Ավելին՝ եթե նման համաձայնություն ձեռք չի բերվում, այդ հարցը ենթակա է խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ դատարանի քննությանը: Նույնիսկ երեխայից առանձին ապրելու դեպքում ծնողն իրավունք ունի շփվել երեխայի հետ, մասնակցել նրա դաստիարակությանը, լուծել երեխայի կրթություն ստանալու հարցերը: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը: Հատկանշական է, որ երեխայի հետ շփվելու արգելքը, Ընտանեկան օրենսգրքի համաձայն, վերաբերում է միայն ծնողական իրավունքներից զրկելու դեպքերին, իսկ նման լիազորություն ունի միայն դատարանը՝ դատավարությանը խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Հաղորդակցության արգելքը առանց դատարանի որոշման հակասում է ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածին, որի համաձայն՝ հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել դատարանի որոշմամբ և այն էլ նշված հոդվածով նախատեսված առանձնահատուկ դեպքերում: Տվյալ պարագայում գործ ունենք Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց այնպիսի իրավաձևակերպման հետ, որը առաջացնում է նաև ընտանեկան հարաբերություններին պետության անհամաչափ միջամտության նոր հնարավորություն, ինչը հղի է ընտանիքի ինստիտուտի կայունությունը խարխլելու իրական ռիսկերով: 9. Հանել նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կիրառման սուբյեկտ հանդիսացող անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու իրավակարգավորումը, թողնելով միայն հանցագործություն կատարած իրավախախտների հաշվառումը: Ընտանիքում բռնություն կատարած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը ենթադրում է պետության կողմից այդ անձի նկատմամբ որոշակի ժամանակահատվածի ընթացքում մշտադիտարկում իրականացնելը՝ այդ թվում այցելելով նրա բնակարան, կապ պահպանելով նրա հետ և այլն: Սույն միջոցառումները ենթադրում են անձի ազատության որոշակի սահմանափակում և կենցաղային անհարմարություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագիծը մեծ մասամբ վերաբերում է ընտանիքում հանցագործություն չհանդիսացող բռնարարքներին՝ ենթադրվում է, որ նման բռնարարքներ գործադրած անձինք չունեն հանրային վտանգավորություն: Նման պայմաններում այն կարգավորումը, որ Նախագծով նախատեսված պաշտպանական միջոցների ենթարկված անձինք պետք է վերցվեն կանխարգելիչ հաշվառման, հիմնավոր չէ և պետության կողմից մարդկանց կենսագործունեության նկատմամբ անհամաչափ հսկողություն իրականացնելու լծակներ է տրամադրում: Կանխարգելիչ հաշվառումը նպատակահարմար է կիրառել ընտանիքում բռնություն գործադրած այն անձանց նկատմամբ, որոնց վարքագիծն ունեցել է քրեաիրավական բնույթ և որի համար նրանք ենթարկվել են քրեական պատասխանատվության: 10. Նախագծով նախատեսված ապաստարանների հիմնադրումը չթույլատրել մասնավոր կազմակերպություններին: Սահմանել, որ ապաստարանները հիմնադրվում են բացառապես պետության կամ համայնքի կողմից: Ապաստարանները կարող են հավատարմագրային կառավարման հանձնվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպությունների: Այնպիսի հիմնարար խնդրի կանոնակարգումն ու լուծումը, ինչպիսին, որ հանդիսանում է ընտանիքում բռնության կանխարգելումն ու ընտանիքում համերաշխության վերականգնումը, պետք է գտնվի պետության բացառիկ իրավասության տիրույթում: Այլ հարց է, որ պետությունը կարող է հավատարմագրային կառավարման հանձնել իր կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած ապաստարանները, սակայն այդ դեպքում պետությունը կամ համայնքը շարունակում են պահպանել ապաստարանի սեփականատիրոջ և կառավարման հիմնադրի կարգավիճակը և ցանկացած ժամանակ կարող են լուծել մասնավոր կառավարչի հետ կնքված պայմանագիրը: Կառավարիչներն էլ պարտադիր կարգով պետք է լինեն շահույթ չհետապնդող կազմակերպություններ: Այդպիսով նաև սույն զգայուն ոլորտը զերծ կմնա անհարկի առևտրայնացումից և ընտանիքում բռնության ենթարկված անձանց միջոցով շահույթ ստանալու մասնավոր հատվածին բնորոշ սուբյեկտիվ ձգտումներից: 11. Նախագծով նախատեսված Լիազոր մարմնի ղեկավարին կից գործող Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի կազմում, ինչպես նաև ապաստարանների կառավարման մարմին համարվող խորհուրդների կազմում ներգրավել Հայ Առաքելական եկեղեցուց մեկական ներկայացուցիչ: Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի ներգրավումն առաջարկվում է հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով Հայ առաքելական եկեղեցուն տրված բացառիկ կարգավիճակը հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում և նկատի ունենալով, որ ընտանիքը գտնվում է, ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգի առանցքում, այլև ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում է հասարակության բնական և հիմնական բջիջը: 12. Ապաստարանների հարցը կարգավորել հետևյալ կերպ՝ 1) սահմանել, որ ապաստարանը՝ - իր գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի համար լիազոր մարմնի սահմանած կարգով և ծավալով հրապարակում է հաշվետվություն. - հետապնդում է նաև ընտանիքի անդամների միավորման (ընտանիքի վերականգնման) նպատակ. - գործում է թափանցիկության և շահառուների կամավորության սկզբունքներով. 2) սահմանել, որ ապաստարանը պետք է ունենա խորհուրդ, որի կազմը ձևավորվում է լիազոր մարմնի սահմանած կարգով և քանակով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և հասարակական կազմակերպության առնվազն մեկական ներկայացուցչից: Նախագծի 20-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ ապաստարանի նպատակային, թափանցիկ և հաշվետվողական գործունեության երաշխիքները լրամաշկման կարիք ունեն, քանի որ դրանք չեն անդրադառնում ապաստարանների գործունեության բոլոր կողմերի նկատմամբ հանրային և պետական վերահսկողության խնդիրներին, ինչը ոչ բարեխիղճ գործունեության համար նախադրյալներ է ստեղծում: Նախագծում անհրաժեշտ է առանձին սահմանել ապաստարանի գործունեության վարչակազմակերպական հիմունքները, ինչը թույլ կտա օրենսդրորեն ամրագրել ապաստարանների կազմակերպման և գործունեության նվազագույն երաշխիքային պայմանները: Բ. Նախագծի հարակից օրենքներում կատարել հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները (մանրամասները տես՝ կցված նյութերում)՝ ՀՀ քրեական օրենսգիրք 13. Ապաստարանի աշխատակցի կողմից ապաստարանում բնակվող անձի (շահառուի) նկատմամբ դաժան վերաբերմունքը կամ որևէ տեսակի բռնությունը, ապաստարանի աշխատակցի կողմից ապաստարանում բնակվող անձի իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից անօրինական կամ ակնհայտ անհիմն հիմքով ընտանիքի անդամի՝ որպես ընտանիքում բռնություն գործադրած անձի, նկատմամբ սահմանափակումներ կիրառելը քրեականացնել: Նախագծով առաջարկվող փոփոխությունը բավարար չէ օրենքի պատշաճ կիրառումն ապահովող քրեաիրավական երաշխիքների ամբողջական կառուցակարգի ձևավորման համար: Ապաստարանների գործունեության ոչ լրիվ չափով հրապարակայնությունը, ապաստարանների աշխատակազմի մասնագիտական որակների ապահովման և նրանց գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման փորձի բացակայությունը հատկապես սկզբնական շրջանում մեծացնելու են ապաստարանների աշխատողների կողմից այնտեղ ապաստանված անձանց նկատմամբ հնարավոր հակաիրավական և (կամ) բռնի գործողությունների կատարման հնարավորությունը, որպիսիք կանխարգելելը ոչ քրեաիրավական միջոցներով խիստ դժվարին և անարդյունավետ կլինի: Նույնը վերաբերում է նաև ընտանիքում բռնության դեպքերի որակման և մյուս լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահմանը, որը կարող է լուրջ վնաս հասցնել անձին, հասարակությանը և պետությանը: Այս մտահոգությունները հաշվի առնելով՝ ՀՀ քրեական օրենսգրքում նշված հոդվածների ամրագրումը կնպաստի ընտանիքում բռնության կանխարգելման նորացված համակարգի բնականոն գործառմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 14. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել, որ՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված իրավահարաբերություններից բխող վեճը, այդ թվում՝ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճը, պետք է դատարանում քննվի և վճիռ կայացվի երկու ամսվա ընթացքում: Բացառիկ դեպքերում, դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ ամսով: Օրախնդիր է ընտանեկան իրավահարաբերություններից ծագող վեճերի քննության ժամկետների հստակեցման հարցը: Պրակտիկայում ընտանեկան բնույթ ունեցող դատավեճերը հաճախ ձգվում են տարիներով, ինչի արդյունքում կողմերի չլուծված խնդիրները միջանձնային հարաբերություններում դառնում են մշտական վեճի առարկա, դրանից բխող բացասական հետևանքներով: Սույն համատեքստում ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հստակ ժամկետներ սահմանել: Առաջարկվում է սահմանել ՀՀ ընտանեկան օրենսգրքից բխող իրավահարաբերությունների հետ կապված դատավեճերի քննության առավելագույն ժամկետներ, ինչը որոշակիություն կմտցնի խնդրո առարկա ոլորտում ինչպես վեճի կողմերի նյութական և դատավարական շահերի իրացման, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ընտանեկան իրավունքի ոլորտում արդարադատության պատշաճ իրականացման առումով:

Նմանատիպ նյութեր