211652_close_icon
views-count37499 դիտում article-date 00:09 25-11-2017

Այսօր ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Պարտավոր ենք հայանպաստ ավարտի հասցնել Մոնթեի սկսած գործը. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երկրապահական եռասերունդ ընտանիքում պատանի, երիտասարդ երկրապահները կրթվում են, հայրենասիրական դաստիարակություն են ստանում կյանքն ազգի զոհասեղանին դրած քաջերի օրինակով: Երկրապահում անխափան գործում է «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» սկզբունքը: Եվ նոյեմբերի 25-ը կարեւոր տարեթիվ է պատանի, երիտասարդ երկրապահների կրթական դասընթացներում: Այսօր ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մոնթեն այսօր կդառնար 60 տարեկան: Դեռ որքան պիտանի կլիներ հայրենիքին, դեռ ինչեր կհասցներ անել ազգի, պետության համար: Եվ որքան էլ արեց իր ապրած ընդամենը 36 գարնան ընթացքում: Մոնթեի ապրած ամբողջ կյանքը խիզախում է, նվիրում է հայրենիքին, ազգին, անձնազոհություն է: Մոնթեն ե՛ւ մտավորական էր, ե՛ւ զինվորական, բարձրակարգ սպա: Մոնթեն լավ ընկեր էր, ազնիվ մարդ: Արցախյան պատերազմի դաժան օրերին իմ եւ Մոնթեի ղեկավարած զինվորական ստորաբաժանումները հարեւաններ են եղել՝ մենք Հադրութում էինք դաս տալիս արյունարբու ոսոխին, Մոնթե Մելքոնյանը մեր հարեւանությամբ՝ Մարտունիում: Մոնթեն կամավորական էր, երկրապահ էր, լեգենդար հրամանատար էր, նա, գիտակցված մահն ընտրելով, անմահացել է: Նա, մեր բոլոր նահատակ ընկերները երկնքից հսկում են մեր անդորրը: Ուստի ես շնորհավորում եմ մեր ազգին Մոնթե Ավոյի ծննդյան 60-ամյա տարեդարձի կապակցությամբ: Պարտավոր ենք հայանպաստ ավարտի հասցնել Մոնթեի սկսած գործը, պարտավոր ենք ի կատար ածել նրա իղձը, պարտավոր ենք կայացնել հզոր Հայաստանը, պարտավոր ենք վստահորեն երաշխավորել Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Փա՛ռք Մոնթեին: Հավերժ փա՛ռք բոլոր նահատակներին: Փա՛ռք հերոսներ ծնող հերոս մայրերին: Փա՛ռք հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը: ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նմանատիպ նյութեր