211652_close_icon
views-count5748 դիտում article-date 11:30 24-11-2017

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագելու 3 պատճառներն ըստ Աշոտյանի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրվել-չստորագրվելու մասին խոսակցությունները երեկ երեկոյան հասել էին նույնիսկ Երևանի ամենաչքաղաքականացված անկյունները, որտեղի ժողովուրդը հետաձգել էր առօրյա քննարկումը հնդկական սերիալների մասին և ուզում էր հասկանալ՝ ինչ է կատարվում Բրյուսելում, որտեղ այսօր տեղի ունենալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է վերը նշված փաստաթղթի ստորագրումը։ Սերժ Սարգսյանը երեկ արդեն մեկնել էր Բրյուսել, բայց նույնիսկ բուքմեյքերական գրասենյակները ստորագրել-չստորագրելու խաղադրույքներ չէին ընդունում, որովհետև հատկապես վերջին այս օրերին իրավիճակը ահագին խճճվել է։ Հայաստանում և Ռուսաստանում սկսել են կանխատեսումներ հնչել, թե փաստաթուղթը չի ստորագրվի։ Թերևս այս իրավիճակից դրդված՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ առավոտյան հարցազրույց տվեց և հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խնդրո առարկա փաստաթուղթը, բայց նույն հարցազրույցի մեջ փաստաթուղթը չստորագրելու երեք հնարավոր պատճառ բարձրաձայնեց։ Պատճառ 1. ԵՄ ներկայացուցիչը փաստաթուղթը կարող է ստորագրել միայն ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը ստանալուց հետո։ Երեկվա դրությամբ ԵՄ ոչ բոլոր երկրներն են նման համաձայնություն տվել։ Ընդ որում, սա կարող է տեղի ունեցած լինել ոչ դիտավորյալ, որովհետև ԵՄ մի շարք երկրներում, ինչպիսիք են Գերմանիան և Ավստրիան, ետընտրական իրավիճակ է, կառավարությունները կամ ընդհանրապես, կամ լիարժեք չեն ձևավորվել և նաև այս պատճառով չեն հասցրել իրենց համաձայնությունը տալ, և Եվրահանձնաժողովը ջանքեր է գործադրում՝ այդ և էլի մի քանի երկրների համաձայնությունը մինչև այսօր երեկո ստանալու համար։ Մեր կողմից ավելացնենք, որ այս պատճառի համատեքստում խոսվում էր նաև, որ մի շարք երկրներում չեն հասցրել թարգմանել համաձայնագրի տեքստը, և ուրեմն, հնարավոր է՝ ԵՄ որոշ անդամներ նույնիսկ ծանոթ չեն տեքստի բովանդակությանը։ Ոմանք նույնիսկ այս «թարգմանական ճգնաժամի» մեջ տեսնում են Ադրբեջանի, ոմանք՝ Ռուսաստանի մատը։ Պատճառ 2. Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստում տարածաշրջանային կոնֆլիկտների, տվյալ դեպքում՝ Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների և ձևաչափերի վերաբերյալ այնպիսի փոփոխությունների կատարվեն (բնականաբար՝ եվրոպացի պաշտոնյաների և ԵՄ երկրների ձեռքով), որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար և ՀՀ-ի կողմից փաստաթուղթը չստորագրելու պատճառ դառնալ։ Պատճառ 3. Արևելյան գործընկերության գագաթաժողովը պետք է ընդունի եզրափակիչ հռչակագիր, որի տեքստը մշակման փուլում է և որտեղ նույնպես կարող են խնդիրներ ծագել այս անգամ ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵՄ պատճառով, որովհետև Կատալոնիայի իրադարձություններից ազդված՝ ԵՄ-ն փորձում է սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության մասին այնպիսի ձևակերպումներ մտցնել, որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար և պատճառ դառնալ, որ Հայաստանը չստորագրի ոչ միայն այդ հռչակագիրը, այլև ԵՄ-Հայաստան համաձայնագիրը։ Հռչակագրի տեքստը մշակման փուլում է, և այս հարցում հստակություն կմտնի այսօր։ Ահա այս մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ոչինչ էլ պարզ չէ ստորագրել-չստորագրելու հարցի շուրջ։ Փաստաթղթի ստորագրումը կարող է հետաձգվել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական, գուցե և՝ քաղաքատեխնիկական պատճառներով։ Եվ հասկանալի է, թե ինչու են վերջին օրերին ավելի ինտենսիվացել հարցադրումները. ի վերջո ստորագրվու՞մ է, թե ոչ։ Խնդիրն այն է, որ հիմա Երկիր մոլորակի վրա իսկապես չկա որևէ մեկը, որ հստակ իմանա այս հարցի պատասխանը, որովհետև ամեն ինչ կախված է բազմաթիվ հրապարակված և չհրապարակված հանգամանքներից, տրամադրություններից, գործոններից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր