211652_close_icon
views-count7546 դիտում article-date 10:57 24-11-2017

Պաշտոնյա են դառնում հենց անզուսպ և անհամեստ լինելու համար. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ իմացա, որ միջին կարգի մի պաշտոնյա իր «մուրազին» հասնելու հաջորդ իսկ օրը կռիվ է սարքել կայանատեղիում՝ պահանջելով, որ իր մեքենայի համար տեղ հատկացվի` իր նոր պաշտոնին համապատասխան: Դա ևս մի անգամ ապացուցում է այն պնդումը, որ մարդիկ պաշտոնի ձգտում են ոչ միայն փողի, այլև «պատիվ-հարգանքի» համար, ձգտում են «ամբողջ ծավալով» ցույց տալ իրենց, թեկուզ փոքր, իշխանությունը: Մինչդեռ պետք է լինի հակառակը՝ որքան շատ է մարդուն տրված, այնքան հասարակ նա պետք է լինի, այնքան քիչ ցցվի և գլուխը կախ իր գործն անի: Բայց երբ խոսքը գնում է նյութական բարիքների և իշխանական լծակների մասին, մարդիկ չեն դիմանում գայթակղությանը և ցանկանում են առանձնանալ իրենց կենցաղի շքեղությամբ, փայլել իրենց վսեմ կերպարով, քարոզել իրենց գործերը: Դա, մասնավորապես, վերաբերում է PR-ին, ավելի ճիշտ՝ դրա «կացնային», հնացած ընկալմանը: Եթե ես պաշտոնյա լինեի (ինչը, բնականաբար, երբեք տեղի չի ունենա), նշանակվելու կամ ընտրվելու առաջին իսկ օրը կդիմեի լրատվամիջոցներին և կասեի. «Հարգելի գործընկերներ, լուսաբանեք իմ գործունեությունը ինչպես որ ցանկանում եք՝ դրական, բացասական, չեզոք: Եթե կարծում եք, որ իմ հանդիպումները, նիստերը, ելույթները, խորհրդակցությունները ձեր սպառողներին չեն հետաքրքրում, ընդհանրապես մի՛ լուսաբանեք, իսկ եթե կարծում եք, որ հետաքրքիր են, նվիրեք դրան մի տող կամ չորս էջանոց «լավաշ», կես րոպեանոց կամ 10 րոպեանոց ռեպորտաժ՝ ինչպես որ դուք նպատակահարմար եք համարում: Հայտնեք այդ իրադարձության մասին դրա ավարտից 5 րոպե, 5 ժամ կամ 5 օր հետո՝ դարձյալ ելնելով «լրատվական ապրանք» վաճառելու ձեր շահերից»: (Պարզ է, որ խոսքը ոչ պետական լրատվամիջոցների մասին է): Նույնը խորհուրդ կտայի մեր օլիգարխներին, որոնց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները անզուսպ փառաբանում են իրենց «շեֆի» բարեգործությունները: Նույնը նաև՝ կենցաղում, առօրյա շփումներում. վստահ եմ՝ շահել հասարակության վստահությունը հնարավոր է համեստությամբ, զուսպ կեցվածքով: Դա, եթե խորը մտածես, այնքան էլ բարդ գործ չէ, որը, սակայն, պահանջում է որոշակի «զոհողություններ»: Բայց հենց այդ «զոհողություններին» մեր մանր ու մեծ պաշտոնյաները պատրաստ չեն: Եվ դա նույնպես բնական է. չէ՞ որ նրանք պաշտոնյա են դառնում հենց անզուսպ և անհամեստ լինելու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր