211652_close_icon
views-count11002 դիտում article-date 23:09 22-11-2017

Արմեն Ամիրյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի եզրափակիչ միջոցառումներին

Ս. թ. նոյեմբերի 23-ին, ժամը 19։00-ին, Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում տեղի կունենա Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի եզրափակիչ՝ «Կոմիտասը և ջազը. ներդաշնության միաձուլում» խորագրով համերգը, որին կմասնակցեն պետական կամերային «Հովեր» երգչախումբը և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետը»։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի եզրափակիչ միջոցառումներին։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվող առաջիկա միջոցառումներն են. նոյեմբերի 21-ին, ժամը 19։00-ին, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբի համերգը՝ «Երգչախմբային մոզաիկա»։ Նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը կանցկացվի «Հայաստանի տարրեր» խորագրով համերգային ծրագիրը` Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետի, դուդուկահարներ Ջիվան Գասպարյան ավագի և կրտսե­րի, Գևորգ Դաբաղյանի, Նորայր Քարտաշյանի (բլուլ) մասնակցությամբ: Ծրագիրը կուղեկցվի Աննա Ամասյանի ավազե պատկերներով: Մինչև նոյեմբերի 24-ը Մոսկվայում կշարունակվի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի («Thank you, հայրի′կ», «Եթե բոլորը», «Մոսկվիչ, իմ սեր») ցուցադրությունը` «Հինգ աստղ» և «Ռիո» ցանցի կինոթատրոններում: «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրն անցկացվում է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Ադլերում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Արմավիրում, Եկատե­րինբուրգում, Չելյաբինսկում, Զլատոուստում և այլն։ Հայաստանից հյուրախաղերով հանդես են գալիս շուրջ 250 պրոֆեսիոնալ արտիստներ, մշակույթի գործիչներ: Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրը նվիրված է ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին: Նոյեմբերի 15-ին նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Վարպետի երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ` Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:

Նմանատիպ նյութեր