211652_close_icon
views-count33773 դիտում article-date 09:15 21-11-2017

Ո՞վ է հովանավորում կոռուպցիան Մշակույթի նախարարությունում, կամ մի քանի շտրիխ Արմեն Ավանեսյանի դիմանկարին

Նոյեմբերի 16-ին ասուլիս էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էր մի միտք այն մասին, որ Մշակնախի որոշ պաշտոնյաներ, օգտագործելով իրենց դիրքը և ստեղծելով մասնավոր հրատարակչություններ, գրքերի տպագրության անվան տակ պետբյուջեից գումարներ են յուրացնում: Ես ֆեյսբուքյան իմ էջում կիսվել էի այդ հղումով և գրել, որ ասուլիսի մասնակիցներից մեկը՝ Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավանեսյանը ևս հրատարակչություն ունի: Այն կոչվում է «Արմավ». Ավանեսյան Արմենի հապավումն է: Իմ գրածը շատ ծանր է տարել պաշտոնյան և իր էջում զրպարտություններ է գրել: Նախ՝ սկսեմ սկզբից: Ավանեսյան Արմենին ճանաչում եմ 1998 թվականից, երբ ընդունվել եմ ԵՊՀ: Արմենը մի կիսագրագետ, պատահաբար Բանասիրականում հայտնված, ոչինչ չկարդացող ու ոչնչով աչքի չընկնող մի երիտասարդ էր: Այդ ժամանակ հպարտությամբ ասում էր, որ վարսավիր է դառնալու: Մի կերպ՝ երեքներով, քծնանքով ու դեկանին նվերներով ավարտեց բակալավրիատը: Հետո, երբ իմացա, որ վարսավիրության փոխարեն Արմենն ընտրել է բանասիրությունը, շատ զարմացա: Մանրամասների մեջ շատ չխորանամ, թեև մինչև հիմա էլ տղան տառասխալներով է գրում (ասենք՝ չնայած-ը ց-ով է գրում): Արմեն Ավանեսյանի համար իսկական թռիչք եղավ 2012-ը, երբ Հայաստանում նշվում էր հայ գրքի տպագրության հոբելյանը: Տղան որոշեց գնալ վաղուց փորձված ճանապարհով և զեկույց գրեց Էդվարդ Միլիտոնյանի ստեղծագործության մասին: Զեկույցը կոչվում էր «Գրքի միֆը Է.Միլիտոնյանի «Հայոց արևակենտրոն կնիքը» վեպում»: Այն ժամանակ Գրահրատարակչական գործակալության պետ, պոետ Միլիտոնյանն այնքան հուզվեց երիտասարդ գրականագետի քայլից, որ Արմենին ՉՈՐՍ օր հետո ընդունեց աշխատանքի ու կարճ ժամանակ հետո նշանակեց բաժնի պետ: Հաջողության ալիքը գտնված էր. նույն տարում երիտասարդը դարձավ ՀԳՄ անդամ և բացեց սեփական հրատարակչությունը: Արդյո՞ք սա կոռուպցիա չէ. այսօր էլ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պետական աջակցությամբ գրքեր է հրատարակում և հրապարակային դժգոհում է, որ այդ ծրագրերն ուզում են կրճատել: Ըստ երևույթին, վիրավորված ֆեյսբուքյան իմ գրառումից, Արմեն Ավանեսյանը որոշել է անդրադառնալ ինձ, պապիկիս, հարազատներիս ու մտերիմներիս: Նախ գրել է Գրականության ինստիտուտում իմ աշխատելու մասին. իբր ես գումարներ եմ յուրացրել: Ոգևորված Սերգեյ Սարինյանի առաջարկով՝ ես աշխատել եմ ակադեմիայում 45.000 դրամ աշխատավարձով, երբևէ որևէ ֆինանսական միջոց չեմ տնօրինել, ինստիտուտի ողջ փաստաթղթաշրջանառությունը դասակարգել, թվայնացրել ու նոր որակի եմ բարձրացել. վստահ եմ, որ մինչև հիմա էլ բազմաթիվ փաստաթղթեր իմ սարքած ձևաթղթերով են պատրաստվում, բայց նաև որոշակի անհամաձայնություն եմ հայտնել ֆինանսական ինչ-ինչ հաշիվների դեմ (մի քանի հոգու աշխատավարձի անհիմն բարձրացում, մոտ 10 սենյակի վարձակալություն, մի քանի հոգու բջջային հեռախոսների վճարում՝ ինստիտուտի խղճուկ բյուջեից, մարդկանց աշխատանքից ազատում, գույքի, օրինակ՝ մեքենայի օտարում ևն): Իմ անհամաձայնությունն եմ հայտնել նախ Սերգեյ Սարինյանին, ապա նաև Ավիկ Իսահակյանին, ով ի դեպ, Միլիտոնյանի խնամին է և վերջինիս միջնորդությամբ է Արմենին ընդունել ինստիտուտ: Ավիկ Իսահակյանի հիմնավորմամբ, գիտքարտուղարի պաշտոնի կրճատմամբ ես պետք է մնայի որպես գիտաշխատող, բայց քանի որ ինքնասիրություն ունեի, սկսեցի ընդհանրապես ինստիտուտ չգնալ. իմ աշխատանքային գրքույկում գրված է, որ ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն, թեև երբևէ ազատման դիմում չեմ գրել: Երբևէ այս պատմության մասին չեմ բարձրաձայնել, որովհետև մտածել եմ, որ տեղից էլ Ակադեմիան տուժած հիմնարկ է, և չարժի կեղտը ջրի երես հանել: Աշխարհի երեսին չկա մի մարդ, ով կարող է ապացուցել, որ ես ինստիտուտի «փողերն եմ լափել և վռնդվել եմ այնտեղից», և եթե չխղճայի մի երկու ամսից անգործ մնացող պաշտոնյային, քանի որ իմ տեղեկություններով, մի ամսից ՊՈԱԿ-ը լուծարվելու է, անպայման կդիմեի համապատասխան մարմիններին՝ «սուտ մատնություն» հոդվածով գործ հարուցելու համար, ինչպես նաև մանրամասն կներկայացնեի, թե ով և ինչպես է յուրացրել Գրականության ինստիտուտի միջոցները. փաստաթղթերի բոլոր պատճենները պահում եմ մինչ օրս: Իսկ հաչոցներին, թե Չարենցի ձեռագրերն ինչ են եղել կամ Էմին-Սևակ հարաբերություններն ինչպես են զարգացել, և մնացած զառանցանքներին անիմաստ է անգամ անդրադառնալը: Միայն մի դիտարկում. հիստերիկ ու անկառավարելի տեքստը հուշում է, որ ֆեյսբուքյան իմ գրառումը ցավոտ տեղի է կպել: Արմեն Ավանեսյանը սովորական քաղաքացի չէ, այլ ՀՀ պաշտոնյա: Այն էլ՝ Մշակույթի նախարարին ենթակա: Առայժմ հրապարակային երկու հարց եմ ուղղում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին. 1. Ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել ինքը իր ենթակայի խուլիգանական պահվածքին: 2. Ինչպե՞ս է վերջ դրվելու գրքերի տպագրությանը հատկացվող պետական միջոցների մսխմանը: [b]ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր