211652_close_icon
views-count3315 դիտում article-date 14:21 17-11-2017

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Մարտունի համայնքի զարգացման եռամյա ծրագրի ընթացքում 8 կազմակերպություններ ներդրել են 79 միլիոն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում իրենց բազմամյա ավանդով և ազնիվ հեղինակությամբ հայտնի 8 հասարակական կազմակերպություն՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, նախաձեռնեցին եռամյա համատեղ ծրագիր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը վերականգնելու նպատակով: Ընդհանուր առմամբ՝ գյուղի զարգացման եռամյա ծրագրի ընթացքում կազմակերպությունները ներդրել են 79 միլիոն դրամ: 2014թ.-ից ի վեր, համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպությունների տրամադրած ռեսուրսներով բարեփոխումներ են իրականացվել Մարտունի գյուղի սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական և բնապահպանական ոլորտներում: Երկարատև քննարկումների և համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվեց մեկ խորհրդանշական գյուղ՝ Մարտունին, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում և հիմնվել է 1921 թ.: Համայնքի առաջին բնակիչները եղել են Մեծ եղեռնից փրկված՝ հիմնականում Վանից, Ալաշկերտից, Ղարսից և Սասունից գաղթածները: 2017 թ. նոյեմբերի 16-ին համագործակցության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց գործընկերներն ամփոփիչ այց կատարեցին Մարտունի: Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչների նշեցին, որ նման հզոր կառույցների համագործակցության արդյունքում ներդրված ջանքերն ու ռեսուրսները բազմապատկող ազդեցություն են ունենում: Մարտունի գյուղի գյուղապետ Արթուր Ասատրյանը նշեց, որ կազմակերպությունների աջակցության շնորհիվ գյուղի բնակիչների մեջ արթնացավ հույսը, որ գյուղը կզարգանա, այնտեղ կստեղծվեն նոր արժեքներ: Համայնքում իրականացված ծրագրերի դիտայցից հետո տեղի ունեցան համագործակցության ջանքերով վերանորոգված մանկապարտեզի, դպրոցի ճաշարանի և ատամնակայանի պաշտոնական բացման արարողությունները: Աննախադեպ այս համագործակցությունը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք նույնպես նպատակ ունեն կամ արդեն իսկ աշխատանք են տանում՝ ուժեղացնելու և զարգացնելու ինչպես Մարտունին, այնպես էլ Հայաստանի գյուղական այլ համայնքները։ 2017թ. -ից վերոհիշյալ համագործակցությանն է միացել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր