211652_close_icon
views-count5589 դիտում article-date 10:54 17-11-2017

Ճիշտ օգտագործել ընդվզման ներուժը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե ես այսօր ուսանող լինեի և հետաքրքրվեի «ակտիվիզմով», ապա ես կպայքարեի ոչ թե «սուտի» մագիստրատուրայի և ասպիրանտուրայի միջոցով բանակից ազատվելու համար, այլ կդնեի ավելի խորքային խնդիր՝ ուսանողական կյանքն ապաքաղաքականացնելը: Այսօրվա ուսխորհուրդներն ու նրանց ղեկավարներն իրենց «քառակուսիությամբ» ինձ հիշեցնում են կոմսոմոլ կարիերիստների ամենահետամնաց, «ամենաքարանձավային» տեսակը: Պաշտոնապես հայտարարված բազմակուսակցական համակարգի և խոսքի հարաբերական ազատության պայմաններում նման կերպարներն ընկալվում են որպես, մեղմ ասած, խիստ ժամանակավրեպ: Իմ ուսանողական տարիներին, այն բուհում, որտեղ ես էի սովորում (կոնսերվատորիայում), կար երիտասարդներին միավորող երկու կառույց. մեկը ձևականորեն գաղափարականացված էր և քաղաքականացված՝ կոմսոմոլն իր մեծ ու փոքր բջիջներով, իսկ մյուսը՝ բուն ուսխորհուրդը, որը կոչվում էր Ուսանողական գիտական ստեղծագործական միություն (ՈՒԳՍԸ), բացարձակապես ապաքաղաքական էր և զբաղվում էր գիտական կոնֆերանսների, բանավեճերի և համերգների կազմակերպմամբ: Եթե անկեղծ լինեմ, քաղաքականությունը՝ Բրեժնևի կամ Քաղբյուրոյի լավը կամ վատը լինելը մեզ բացարձակապես չէր հետաքրքրում, մենք զբաղվում էինք այն գործերով, որոնք մե՛զ համար հետաքրքիր էին, և ոչ ոք մեզ չէր խանգարում: Իհարկե, փառք ու պատիվ մեր ռեկտոր Ղազարոս Սարյանին, որն ապահովում էր այդ ազատությունը, ուրիշ՝ պակաս լայնախոհ, պակաս տաղանդավոր ղեկավարի պարագայում իրավիճակը գուցեև այդքան բարենպաստ չլիներ: Բայց փաստը մնում է փաստ՝ 1980-ականների սկզբին, խորը լճացման տարիներին, խորհրդային տոտալիտար համակարգի պայմաններում, իմ իմացած ուսխորհուրդը (որը երկու տարի պատիվ ունեի ղեկավարելու) ավելի ազատ էր, քան այսօր մեր, ինչպես ասում են, լուսավոր դարում: Բոլոր կոճակներով կոճկված, աղքատիկ բառապաշարով, «նժդեհական» դոգմաներից ոչ մի սանտիմետր չհեռացող ուսխորհուրդների ֆունկցիոներները, իմ կարծիքով, խիստ բացասական դեր են խաղում թե բուհերի և թե ընդհանրապես երիտասարդության կյանքում: Եվ ահա ես մտածում եմ՝ եթե մեր ուսանողների մեջ իսկապես կա ընդվզման ներուժը, ապա ինչո՞ւ այն չօգտագործել բուհերի ուսխորհուրդներն ապաքաղաքականացնելու ուղղությամբ: Չէ՞ որ ուսխորհուրդներն ընտրվում են, չի՞ կարելի արդյոք այդ ընտրությունների ժամանակ ալիք բարձրացնել, «արթնացնել» անտարբերներին և ընտրել ապակուսակցական մարդկանց (թեկուզ այս օրերին հայտնի դարձած տղաներից), որոնք ուսանողների կյանքը կդարձնեն ավելի վառ, ավելի հետաքրքիր: Թե՞ իմ ասածը իրատեսական չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր