211652_close_icon
views-count7555 դիտում article-date 09:43 17-11-2017

Համանախագահների տարօրինակ եւ ուշագրավ հայտարարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 16-ին հայտարարություն են տարածել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի կեսին Վիեննայում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Արտգործնախարարների հանդիպման պլանավորման մասին հայտնի դարձավ դեռևս Ժնևի բանակցությունից հետո, և այդ առումով, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անսպասելի չէ: Նորը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն է արտգործնախարարների հանդիպելու համաձայնության մասին, որն այս դեպքում հետաքրքիր, ուշագրավ ու փոքր-ինչ տարօրինակ է իր բովանդակության մեջ կիրառվող մեկ-երկու բառակապակցության պատճառով: Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահ եռյակի հայտարարություններում կարծես թե առաջին անգամ ենք տեսնում երկու ձևակերպում՝ «սուբստանտիվ հարցեր» և «լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ»: Համանախագահները նշում են, որ պատրաստելու են արտգործնախարարների բանակցության օրակարգը, որն էլ կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր և լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ինչ իմաստ է դրված «սուբստանտիվ հարց» բառակապակցության մեջ՝ միարժեք ասելը բավականին բարդ է, քանի որ այդ տերմինն ունի իմաստային տարբեր երանգներ, մի կողմից՝ կարող է նշանակել, այսպես ասած, որևէ կախվածություն չունեցող հարցեր, մյուս կողմից՝ կարող է ենթադրել առարկայական, շոշափելի հարցեր: Մյուս հարցը, թերևս, այն է, թե արդյոք կողմերին տրվելո՞ւ է ժամանակ՝ այդ հստակ միջոցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, թե՞ հենց Վիեննայում պետք է լինի կոնկրետ և հստակ համաձայնություն ու պայմանավորվածություն՝ կատարման ժամանակացույցով: Համանախագահների հայտարարությունը, այսպես ասած, հարցերի տեղիք տալու առումով, իհարկե, աննախադեպ է, և թերևս կարևոր է նաև հանրագումարային մի հարց՝ որքանո՞վ են քաղաքական կարգավորման «սուբստանտիվ հարցերը» փոխկապակցված լինելու լարվածության թուլացման «հստակ միջոցներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր