211652_close_icon
views-count6567 դիտում article-date 18:36 16-11-2017

Արա Բաբլոյանն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին: Ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում եւ հույս հայտնել, որ այն կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական կապերի խորացմանն ու զարգացմանը: Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացների եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման դարավոր փորձը եւ ուսանելի համարել այն փորձի փոխանակման առումով: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն եւ իշխանության ապակենտրոնացում: Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ հետ՝ դառնալով կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականներին ապաստանելու, հետագայում էլ Ցեղասպանությունն ընդունելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ դատապարտելը կանխարգելման մի ձեւ է: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս հարցին տարբեր մեկանաբանություններ են տրվում, սակայն պատմականորեն ապացուցված է, որ հայերն են ապրել այդ տարածքում եւ անկախության հանրաքվե անցկացնելով՝ ձեռք են բերել անկախություն: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ արցախցիներն առաջինն էին, որ Խորհրդային Միության օրոք բարձրաձայնեցին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին: Արա Բաբլոյանը փաստել է. «Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ: Մեր խնդիրն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ հարցին լուծում տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով»: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Նիդերլանդները կխորացնեն համագործակցությունը կրթության, առողջապահության եւ մշակույթի բնագավառներում՝ նպաստելով իրենց ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ կյանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների համար էլ առաջնահերթ տեղ են գրավում ժողովուրդների անվտանգությունը, առողջությունը եւ կրթությունը: Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստան այցելելը: Սենատի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւոր դիրք է գրավում տարածաշրջանում եւ կարող է կամուրջ դառնալ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ կապելով իրար ժողովուրդներ եւ երկրներ: Անկի Բրուկերս-Քնոլը՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի Սենատի նախագահ, կարեւորել է Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումները եւ դրանց հաջորդող գործընթացները ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Նիդերլանդների Սենատի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին հանգամանալից ներկայացրել է իր երկրում օրինաստեղծ գործունեությանն առնչվող հարցերը, Նիդերլանդների խորհրդարանում եւ կառավարությունում իշխանության եւ ընդդիմության հարաբերակցությունը եւ համատեղ աշխատանքը օրենսդրական նախաձեռնությունների շուրջ: Տիկին Բրուկերս-Քնոլն անդրադարձել է այս տարվա մարտին Նիդերլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին եւ նոր, բազմակուսակացական կառավարության ձեւավորման հետ կապված հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը եւ Արարատ Միրզոյանը: Հանդիպման ավարտին Նիդերլանդների Սենատի նախագահը գրառում է կատարել է ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ Ազգային ժողովի այգում եղեւնի են տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր