211652_close_icon
views-count6466 դիտում article-date 16:51 16-11-2017

Եվրոպական առաջատար բուհում սովորելու հնարավորություն՝ ՀՊՏՀ լավագույն ուսանողին

Մարիետա Բաղդասարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լավագույն ուսանողն է: Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 16-ին ՀՊՏՀ-ում անցկացվեց «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից անցկացված մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող-մարզիկ» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող» անվանակարգերում: Բուհի լավագույն ուսանողը հնարավորություն ստացավ մեկ կիսամյակ ուսումը շարունակել եվրոպական առաջատար բուհերից մեկում: Մրցանակաբաշխությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Կորյուր Աթոյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը և բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Տարոն Մարգարյանը հիշեց իր ուսանողական տարիները. «Այն ժամանակ ցուրտ էր, հոսանք չկար, մեր անկախ պետությունը դեռ 8 տարեկան էր, և մենք փորձում էինք ուսանողներով, դասախոսների հետ միասին մեր բուհը շենացնել ու կրթություն ստանալ: Այսօր ունենք կայացած պետություն, և մեր ուսանողների՝ կրթություն ստանալու համար բոլոր պայմանները ստեղծված են բուհերում: Կոչ եմ անում ուսանողներին ուսանողական տարիներն օգտագործել կրթություն ստանալու և մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար»: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ զարմացավ, որ մրցանակակիրների շարքում տղաներ չկան. «Այս պահին զարմանքս կփոխանցեմ, քանի որ թե՛ մեր լավագույն գիտնականների, թե՛ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողների մեջ բացառապես աղջիկներ են. չեմ հասկանում ինչո՞ւ էր այդպես՝ տղաներն ո՞ւր էին նայում»: Պարոն Ավագյանը նաև ուսանողներին տեղեկացրեց, որ իր ողջույնի խոսքն ավելի մեծ ձևաչափով կփոխանցի նրանց վաղը՝ Ուսանողության միջազգային տոնին նվիրված համերգի ընթացքում: ՀՊՏՀ լավագույն ուսանող Մարիետա Բաղդասարյանն էլ իր հավատամքը փոխանցեց ընկերներին. «Գիտության արյունը կապույտ է, և ամեն մի սև բիծ երևում է: Գիտության մեջ աշխատեք լինել սպիտակ թանաքով»: Նշենք նաև, որ մրցանակաբաշխությունն ուղեկցվեց բուհի շնորհալի ուսանողների երաժշտական կատարումներով: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր