211652_close_icon
views-count9765 դիտում article-date 14:30 16-11-2017

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հերթական համերգին առաջին անգամ հնչել են ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործույթունները

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հանդես եկավ աշխարհում թերևս միակ փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր) կազմով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի քառյակը կրում է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անունը։ Համերգը բացառիկ էր այն առումով, որ առաջին անգամ հնչեցին ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ Կարեն Անանյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Միխայիլ Կոկժաևի, Սուրեն Զաքարյանի, Արթուր Ահարոնյանի կողմից հատուկ այս կազմի համար գրված ստեղծագործությունները։ Երբ 2015թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Հարությունյանի անվան քառյակի շնորհանդեսը, երաժիշտները, որ կատարում էին միայն փոխադրված գործեր, հույս հայտնեցին, որ ժամանակակից կոմպոզիտորները հետագայում հատուկ իրենց կազմի համար կգրեն երաժշտություն։ Քառյակի ստեղծումից երկու տարի անց երաժիշտների ցանկությունն իրականացավ։ Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը ուրախալի է համարում այն փաստը, որ իրենց առաջին բեմելից հետո հայ կոմպոզիտորներին գրավել է ֆլեյտայի, կլարնետի, ֆագոտի և դաշնամուրի միաձուլումից առաջացած հնչողությունը, և այսօր արդեն գրել են ստեղծագործություններ այս կազմի համար։ Համերգի ընթացքում կատարված բոլոր գործերը պրեմիերաներ էին՝ նվիրված Հարությունյանի անվան քառյակին։ Թերևս, բացառություն էր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունը, որ գրվել է մոտ 10 տարի առաջ։ Կլարնետահարը նկատում է նաև, որ իրենք քառյակի ստեղծմամբ ցանկացել են նոր խոսք ասել երաժշտական կյանքում։ Եվ եթե այսօր հատուկ երաժշտություն է գրվում իրենց համար, ապա դա խիստ պարտավորեցնող է։ Դավիթ Գյուլամիրյանը նշում է նաև, որ հաճելի է միջազգային ճանաչում ունեցող խաչատրյանական փառատոնի մաս լինելը։ Ըստ երաժշտի՝ ուրախալին այն է, երբ հասկանում ես ու տեսնում, որ մեր փոքր երկրում կարող է իրականացվել այս մակարդակի նախագիծ, որը հետաքրքրություն, սպասում է առաջացնում դասական երաժշտության երկրպագուների շրջանակներում։ Երեկոյի ընթացքում Հարությունյանի անվան քառյակին միացան նաև Երիտասարդական նվագախմբի երաժիշտներ Տիգրան Վարդանյանը (հոբոյ) և Արմեն Կարագյանը (գալարափող): Ազգային պատկերասրահի Այվազովսկու ցուցասրահը, որտեղ անցկացվեց կամերային համերգը, պատահական չէր ընտրված, այն խորհուրդ ուներ. Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է հայ մեծ ծովանկարչի 200-ամյա հոբելյանին։ Համերգի ընթացքում միահյուսվել էին արվեստի ամենահզոր ճյուղերը՝ երաժշտությունն ու գեղանկարչությունը, միձուլում, որ ավելի ազդեցիկ ու տպավորիչ էր դարձնում երեկոն։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր