211652_close_icon
views-count9825 դիտում article-date 14:22 15-11-2017

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկում է «Հայաստանի մշակույթի օրեր» խոշորածավալ ծրագիրը. բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Մոսկվայում մեկնարկում է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը. Տրետյակովյան պատկերասրահում պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի անկախությունից ի վեր նման միջոցառումների մեջ ամենախոշոր այս «փունջը» նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ «Ռուսաստանում Հայաստանի օրերի» շրջանակում Մոսկվա է մեկնում նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի մշակույթի օրերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Ադլերում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Արմավիրում, Եկատե­րինբուրգում, Չելյաբինսկում, Զլատոուստում և այլն։ Միջոցառումներին Հայաստանից մասնակցելու են մոտ 250 արտիստներ, մշակույթի գործիչներ... Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը նոյեմբերի 15-ին պաշտոնապես կմեկնարկեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումով։ Ցուցադրության մեջ ընդգրկվել են կտավներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը: Նույն օրը Մոսկվայի հայկական եկեղեցա­կան համալիրի տարածքում կբացվի ժամանակակից խաչ­քա­րերի ցուցահանդես (ցուցադրվող խաչքարերից մեկը կնվիրա­բերվի հայկական եկեղեցուն. ցուցհանդեսը կգործի մինչև նոյեմբերի 22-ը), ելույթ կունենա «Հովեր» երգչախումբը: Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (գործերը՝ Ռուսասատանի տարբեր թանգարան­ներից և մասնավոր հավաքածուներից. ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը): Նոյեմբերի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսեր­վա­տորիայի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի և Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցեն նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և մենակատարներ Հասմիկ Թորոսյանը, Սիրանուշ Գասպարյանը, Գևորգ Հակոբյանը և Միհրան Աղաջանյանը: Համերգի հատուկ հյուրն է Վլադիմիր Սպիվակովը: Նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը կանցկացվի «Հայաստանի տարրեր» խորագրով համերգային ծրագիրը` Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետի, դուդուկահարներ Ջիվան Գաս­պարյան ավագի և կրտսե­րի, Գևորգ Դաբաղյանի, Նորայր Քարտաշյանի (բլուլ) մասնակցությամբ: Ծրագիրը կուղեկցվի Աննա Ամասյանի ավազե պատկերներով: Ծրագրի շրջա­­­նա­­կում նոյեմբերի 20-ից մինչև 24-ը Մոսկվայում կկազմակերպվի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի («Thank you, հայրի′կ», «Եթե բոլորը», «Մոսկվիչ, իմ սեր») ցուցադրություն` «ПЯТЬ ЗВЕЗД» և «ՌԻՈ» ցանցի կինոթատրոններում: Նոյեմբերի 21-ին, ժամը 19։00-ին, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) նախատեսված է Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբի համերգը՝ «Երգչախմբային մոզաիկա»։ Նոյեմբերի 23-ին, ժամը 19։00-ին, Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում տեղի կունենա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ՝ «Կոմիտասը և ջազը. ներդաշնության միաձուլում» համերգը, որին կմասնակցեն «Հովեր» երգչախումբը և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետը»։ Այս միջոցառումներին զուգահեռ Ռուսաստանի մի շարք քաղաքներում հյուրա­խաղերով հանդես կգան Հայաստանի պարի պետական անսամբլը, Կոնստանտին Ստանիս­լավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Երևանի մնջախաղի պետական թատրոնները: Միաժամանակ, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ռուսաստանի 58 հայ համայնքներում «Հայաստանի օրեր» ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-ից անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ (մինչև դեկտեմբեր նախատեսված է կազմակերպել 250 միջոցառում՝ փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն)։

Նմանատիպ նյութեր