211652_close_icon
views-count8854 դիտում article-date 13:13 14-11-2017

Յուրաքանչյուրի պատրաստվածության շնորհիվ է հնարավոր անառիկ պահել հայրենիքի սահմանը. Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահներ

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Պաշտպանության բանակի բազմաթիվ դիրքապահներից մեկն էլ, ով իրեն լավագույն կողմերով է դրսևորել մարտական հերթապահության կրման ընթացքում, Խորեն Իշխանի Ասատրյանն է: Ծնվել է 1997 թվականի դեկտեմբեր 28-ին Ապարանի շրջանի Հարթավան գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և առաջին կուրսից զորակոչվել զինծառայության: Դիրքապահի պարտականությունները կատարելու ընթացքում շարքային Խ. Ասատրյանը նախևառաջ կարևորում է յուրաքանչյուրի` սեփական պարտականությունների հստակ իմացությունը: Դրանց ճիշտ կատարմամբ է նա պայմանավորում ընդհանուրի հաջողությունը: «Դիրքում գտնվող տղաներից յուրաքանչյուրն իր կոնկրետ մասնագիտությունն ունի: Չէ՞ որ ամեն մի զինատեսակ նախատեսված է որոշակի նպատակի, իսկ ընդհանուրի համատեղումը՝ առաջադրված մարտական խնդիրների հստակ կատարման համար: Այսինքն՝ բոլորի և յուրաքանչյուրի պատրաստվածության շնորհիվ է հնարավոր անառիկ պահել դիրքերը»,- նշում է շարքային Խ. Ասատրյանը: Հակառակորդի դիրքերն այնտեղից բավականին հեռու են, և տղաների կարծիքով` փոքր տրամաչափի զինատեսակներով կրակելն այստեղ իմաստ չունի. նպատակին հասնել հնարավոր չէ: Այդուհանդերձ, դա ամենևին չի նշանակում, թե տղաների զգոնությունը դրանից թուլանում է, մանավանդ որ հեռահար զինատեսակների օգտագործումը վերջին շրջանում ակտիվանում է: Իսկ տեղանքի առանձնահատկությունը, մասնավորապես, թանձրախիտ անտառները, նվազագույնի հասցնելով զինված և անզեն աչքով հակառակորդին նախապես հայտնաբերելու հնարավորությունը, ստիպում են դիրքապահներին լինել ավելի զգոն, որպեսզի կարողանան ականջալուր լինել անտառից եկող ձայներին` անհրաժեշտության դեպքում ժամանակին, ճիշտ և անվրեպ գործելու համար: Իսկ որ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ժամանակին հայտնաբերումից են կախված իրենց հաջողությունն ու անհաջողությունը, կասկածից վեր է. ապացուցվել է բազմիցս: Նրա համոզմամբ` «Նման բարդ բնակլիմայական պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պարզապես պարտադրված է առավելագույնս զգոնություն ցուցաբերել, ինչպես նաև ֆիզիկապես ամուր լինել, որպեսզի կարողանա ցանկացած եղանակի դեպքում կատարել առաջադրված խնդիրները: Առանց զգոնության ու ֆիզիկական կոփվածության` այստեղ ծառայություն կատարելն ուղղակի անհնարին է: Դա գիտակցում են նաև զինծառայողները` ամենօրյա պարապմունքների ընթացքում ձգտելով կոփել իրենց մարմինը»: Այցելության ընթացքում ականատես ենք դառնում նաև այնպիսի պարապմունքների, որոնք զինծառայողներին հնարավորություն են տալիս կանխելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական փորձերը: Համապատասխան ազդանշանից հետո, դիրքապահ տղաները նախատեսված գրաֆիկի համաձայն, կարճ ժամանակում անցնում են շրջանաձև պաշտպանության` տեղեկացնելով իրենց պատրաստության մասին: Անձնակազմի` իրենց տրված հրահանգներն ու առաջադրված խնդիրները ճիշտ, ժամանակին և վստահաբար կատարումը ևս խոսում է նրանց բարձր մարտունակության մասին: «Մենք` դիրքապահներս, կարևորում ենք վերադաս հրամանատարության կողմից տրված ցուցումները, հրահանգներն ու խորհուրդները` մեզ առաջադրված խնդիրները կատարելիս: Իսկ տեսական ու գործնական պարապմունքները, որոնք կողքից ավելորդ ու հոգնեցնող են թվում, նպաստում են զինծառայողների մոտ բարոյակամային բարձր որակների ձևավորմանն ու իրենց պարտականությունների հստակորեն կատարմանը: Ճիշտ է, հակառակորդը տարբեր գործողություններով փորձում է լարվածություն առաջացնել, ազդել մեր մարտական ոգու վրա, սակայն շնորհիվ մեր ոգու քաջության ու հստակ գործողությունների, խափանել և խափանելու ենք նրանց մտադրությունները»,- հպարտորեն ասաց շարքային Խորեն Ասատրյանը: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր