211652_close_icon
views-count11948 դիտում article-date 10:35 11-11-2017

Գնումների բողոքարկման խորհուրդը մերժել է ՊՆ-ի դիմումները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդը նոյեմբերի 2-ին երկու կարևորագույն որոշում է կայացրել: Խորհուրդն, ուսումնասիրելով ֆինանսների նախարարության գրությունները, որոշել է «Լեյկոալեքս» և «Խաչպար» ՍՊԸ-ներին չընդգրկել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցիների ցուցակում: Այլ խոսքով, որոշվել է չբավարարել պաշտպանության նախարարության դիմումը այս ընկերություններին սև ցուցակ գելու վերաբերյալ: «Խաչպար» ընկերության խնդրի մասին ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր: 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին այդ ընկերության ներկայացուցիչները մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով: «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան: ՊՆ-ն էլ իր հեթին պարզաբանմամբ էր հանդես եկել: Գնումների բողոքարկման խորհրդի որոշումից տեղեկանում ենք, որ ՊՆ-ն իր դիրքորոշումն է ներկայացրել խորհրդին, որտեղ ասված է, թե ՊՆ-ի կարիքների համար կազմակերպված շրջանակային համաձայնագրի միջոցով բժշկական սարքավորումների գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների մասով 1-ին տեղը զբաղեցնող էր ճանաչվել «Խաչպար» ՍՊԸ-ն: ՊՆ-ի կարծիքով, մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտով առաջարկված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել սահմանված բնութագրերին, հետագայում շտկված տարբերակով են ներկայացվել բնութագրերը, որոնք նույնպես չեն համապատասխանել սահմանված կարգին: «Խաչպար» ընկերությունն էլ իր դիրքորոշումն է ներկայացրել, նշելով, որ պատվիրատուն էտալոնային է համարել «Ethicon» ֆիրմայի կարանյութերի հիմնական պարամետրերը: Հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է. «ՀՀ ֆինանսների նախարարության 29.08.2017 թվականի թիվ 03/26-3/15725-17 գրությամբ «Խաչպար» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախատեսված պաշտոնական ընթացակարգը մերժել»: «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը մեր զրույցում ասաց, որ բացի սև ցուցակում ներառելու անհիմն պահանջից, ՊՆ-ի համապատասխան հանձնաժողովը մրցույթին մասնակցած ընկերություններին չի տեղեկացրել, թե ով է հաղթել մրցույթում: Բացի դա «Խաչպար»-ին սև ցուցակում ներառելու նպատակով ֆինանսերի նախարարությանը դիմելուց առաջ պետք է հանձնաժողովն արտահերթ նիստ անցկացներ և այդ կերպ նաև տեղեկացներ ընկերությանը վերջինիս դեմ ձեռկարկվող գործողությունների մասին: Սմբատ Բալասանյանի խոսքով, իրենք, տեղեկացված չլինելով, չեն կարողացել իրենց իրավունքներն արդյունավետ պաշտպանել, որի հետևանքով էական վնաս են կրել: Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել: Գնումների բողոքարկման խորհրդի նույն օրը կայացված մյուս որոշմամբ «Լեյկոալեքս» ՍՊԸ-ին սև ցուցակում ներառելու գրությունն էր մերժվել: ՊՆ-ն այս ընկերությանը սև ցուցակում ներառելու գրություն էր ուղարկել ֆինասների նախարարություն նույն հիմքով, որը դրվել էր «Խաչպար» ընկերության վերաբերյալ դիմումի առանցքում: «Լեյկալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել: Արդյունքում պաշտպանության նախարարությունը անհիմն կերպով «Խաչպար» և «Լեյկոալեքս» ընկերություններին դուրս է թողել մրցույթից և գնման պայմանագիր է կնքել «Ինտերմեդ» ընկերության հետ և շուրջ 120 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրեր է կնքել, մինչդեռ կարող էր նույն ապրանքները գնել ընդամենը 40 միլիոն դրամով: Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին։ Հ.Գ. Հետաքրքիր է, պետությանը պատճառված այս էական վնասի համար գլխավոր դատախազությունը քրեական գործ կհարուցի՞, թե՞ ՊՆ-ի մրցութային հանձնաժողովի գործողություններում հանցակազմի տարրեր չի տեսնի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր