211652_close_icon
views-count23208 դիտում article-date 09:31 11-11-2017

Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի խոսել է աշխատանքային հեռախոսով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Նշենք, որ ԱԺ փոխնախագահները և հանձնաժողվի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել: Հրապարակումից հետո «ՀԺ»-ին տեղեկություններ հասան, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել: Մեր տեղեկություններով, նույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումները չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողվի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10-12 հազար դրամի սահմանում գումար: Տեղեկությունը փորձեցինք ստուգել անձամբ Հերմինե Նաղդալյանից, սակայն նրա հեռախոսահամարը տևական ժամանակ անհասանելի էր: Հոկտեմբերի 27-ին գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին և խնդրեցինք տեղեկություններ տալ այն մասին, թե 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որքա՞ն գումար է ԱԺ-ի աշխատակազմը վճարել ֆիքսված հեռախոսի, բջջային կապի, ռոումինգ ծառայության և ինտերնետ կապի համար: Խնդրել էինք տեղեկությունը տրամադրել առանձին-առանձին: Մյուս հարցով Արա Սաղաթելյանին խնդրել էինք ասել, թե նույն ժամանակահատվածում ո՞ր պաշտոնատար անձինք են օգտվել ռոումինգի ծառայությունից և որքան գումար է դրա համար վճարվել: Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հարցումն ուղարկել է ԱԺ-ի հանրային կապերի վարչություն: Շուրջ 15 օր է անցել նամակագրությունից, սակայն ԱԺ-ն դեռ չի պատասխանել վերը նշված և ոչ մի հարցի: ԱԺ-ից մեզ բանավոր հայտնել են միայն, որ չեն կարողանալու առանձին-առանձին նշել, թե որ հեռախոսահամարի համար որքան են վճարել: Նույնաբովանդակ հարցում էլ ուղարկել էինք կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին: Համաձայն մեզ ուղարկված պատասխանի, այս տարվա 10 ամիսների ընթացքում ՀՀ կառավարության աշխատակազմը «Կապի ծառայություններ» հոդվածով վճարել է ֆիքսված հեռախոսների համար 15 միլիոն 476 հազար դրամ, իսկ բջջային հեռախոսակապի համար, որի մեջ մտնում է նաև ռոումինգ ծառայությունը՝ 2.6 միլիոն դրամ: «Օպտիմալացման աշխատանքներ են տարվում նշված ծառայության գծով, որի արդյունքում ծախսերը կկրճատվեն կրկնակի անգամ»,- փոխանցնել են կառավարությունից: Ինչ վերաբերում է առանձին պաշտոնյաներին, ապա ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն օգտվել է ռոումինգից և 10 ամսվա ընթացքում վճարվել է մոտ 160 հազար դրամ, կառավարության արտաքին կապերի վարչության պետը 40 հազար դրամի է խոսել, իսկ վարչապետի արարողակարգի բաժնի պետը՝ 142 հազար դրամի: Հ.Գ. ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը 2018 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարել էր, թե լրագրողների համար աշխատանքային նոր միջավայր են ստեղծելու ԱԺ-ում, քանի որ վերջիններս միջանցքներում ընկճված են նստում: ԱԺ աշխատակազմի ղեկավարն ավելի օգտակար գործ արած կլիներ, եթե լրագրողների հարցումներին օրենքով սահմանված կարգով պատասխան տրամադրեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր