211652_close_icon
views-count3316 դիտում article-date 20:32 10-11-2017

Աշխատանքային այցով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 9-11-ն աշխատանքային այցով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ - ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին միջազգային հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումներին և ՀՀ-ում ու ԱՀ-ում հետսահմանադրական գործընթացներին վերաբերող հարցեր: Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ- ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը նույն արդյունավետությամբ կշարունակի միջպետական ու միջխորհրդարանական օրակարգում գտնվող հարցերի քննարկումները: Ողջունելով միջխորհրդարանական նիստի մասնակիցներին՝ Աշոտ Ղուլյանը Հայաստանի ու Արցախի փոխհարաբերությունների գործող ձևաչափերի մեջ միջխորհրդարանական համագործակցությունը գնահատել է որպես կայացած և արդյունավետ: «Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլև յուրատեսակ խողովակ է մեզ համար՝ ինչպես տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ միջազգային խորհրդարանական ամբիոններից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը: Այնուհետև Արցախի և Հայաստանի խորհրդարանականները քննարկել են օրակարգային հարցերը: «Հետսահմանադրական գործընթացները ՀՀ-ում և ԱՀ-ում. ընդհանրություններ ու առանձնահատկություններ» oրակարգային երկրորդ հարցի վերաբերյալ զեկույց են ներկայացրել ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը և ԱՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: Զեկուցողները նշել են, որ և ՀՀ-ում, և ԱՀ-ում սահմանադրական պահանջից բխող գործընթացներն ընթանում են ըստ նախատեսված ժամկետների: Ընգծվել է օրենսդրական կարգավորումների՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելու դերը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում: Հանձնաժողովի անդամները զեկուցողներին են առաջադրել են հետսահմանադրական գործընթացների հանրայնացմանը, ՏԻՄ համակարգում սպասվող փոփոխություններին և ընտրական գործընթացներում սահմանադրական բարեփոխումների ազդեցությանը վերաբերող հարցեր: «Միջազգային հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումները. հին կարծրատիպեր և նոր միտումներ» զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Զեկույցում Արմեն Աշոտյանն անդրադարձել է միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումների վերանայմանը՝ պայմանավորված աշխարհաքաղաքական նոր զարգացումներով: Խոսելով Արցախի միջազգայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ առանձնացվել են մի շարք տարբերակներ՝ կապված միջազգային ծրագրերում Արցախի ժողովրդի ներգրավմանը և ոչ պետական կառույցների, փորձագիտական կենտրոնների ու առաջատար լրատվական դաշտի ներուժի կիրառմանը՝ արտերկրում Արցախի մասին դրական հանրային կարծիքի ձևավորման գործում: ­ Պատգամավորները մտքեր են փոխանակել Սփյուռքի ներուժի, ղարաբաղյան հակամարտության իրավական կողմի, բանակցային գործընթացում Արցախի մասնակցության և այլ հարցերի շուրջ: Ամփոփելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը և Արա Բաբլոյանը շնորհակալություն են հայտնել մասնակիցներին հետաքրքիր և կառուցողական աշխատանքի համար և առաջարկել վերոնշյալ թեմաների հետագա քննարկումները տեղափոխել երկու խորհրդարանների հանձնաժողովների օրակարգ: Միջխորհրդարանական նիստի մասնակից Արցախի խորհրդարանականներին նույն օրը ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի ընթացքում Արցախի խորհրդարանի պատգամավորները հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուրում և Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրում: Նախատեսվում է նաև այցելություն Ազգային պատկերասրահ: [b] Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր