211652_close_icon
views-count7636 դիտում article-date 16:02 10-11-2017

Արցախում տրվեց երիտասարդական տոների մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մշակութային օրեր Արցախում» ծրագրով մեկնարկեցին երիտասարդական տոներին նվիրված միջոցառումները: Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին արցախցի ուսանողներին և զինծառայողներին իր «Ընտանիքս ճամպրուկում» մոնո ներկայացմամբ Ստեփանակերտում հյուրընկալվեց ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը: Ներկայացման հերոսուհին հենց ինքն է՝ արցախցի Նարինե Գրիգորյանը: Նա պատմում է պատերազմի տարիների և իր կյանքի մասին: ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահ Հարություն Հարությունյանի հավաստմամբ՝ արցախցի հանդիսատեսը ներկայացման մեջ «գտել» է իրեն, և շուրջ 120 զինծառայողներ, ներկայացման առաջին նախադասությունը լսելով, մինչև ավարտ քար լռությամբ դիտել են այն: Հարություն Հարությունյանը վստահեցրեց՝ ուսանողական ներկայացումներն էլ ավելի շատ կցուցադրվեն Արցախում: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այսուհետ հիմնադրամը երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների մեկնարկը տալու է Արցախից: Անդրադառնալով «Մշակութային օրեր Արցախում» ծրագրին՝ պարոն ավագյանը նշեց. «Ուզում էինք տոնական միջոցառումները սկսել Արցախից: Երկար էինք մտածում՝ ինչ ծրագրով սկսել: Լավ է, որ Թատերական ինստիտուտը մեզ առանձնահատուկ ծրագիր ներկայացրեց, որ երկուստեք հետաքրքրություն առաջացրեց թե՛ զինծառայողների, թե՛ քաղաքացիների, թե՛ ուսանողների շրջանում: Նպատակն Արցախի երիտասարդությանը մեր ընդհանուր ուսանողական երիտասարդական ծրագրերին կապելն է, մշակութային փոքրիկ խնդիր լուծելը մեր երիտասարդների և ուսանողների համար: Իսկ զինվորների համար ապահովել ժամանցային ծրագիր: Ինքն ունիվերսալ ծրագիր էր, և կարող ենք հստակ ասել, որ ուսանողական երիտասարդական տոների մեկնարկն Արցախից առաջին անգամ է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր