211652_close_icon
views-count8367 դիտում article-date 22:52 08-11-2017

Ռուս մարզիկներին կարող են արգելել 2018թ.-ի Օլիմպիադային երգել ազգային հիմնը

Ձմեռային Օլիմպիական խաղերը 2018թ-ին կանցկացվեն հարավկորեական Փխենչխան քաղաքում փետրվարի 9-25-ը: Թե ինչ պայմաններով է խաղերին մասնակցելու Ռուսաստանը, նախկինի պես պարզ չէ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դիտարկում է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների տարբերակներ, քանի որ այդ երկրում, ինչպես պարզել է ՄՕԿ հետաքննությունը, գործել է սպորտում դոպինգի կիրառման պետական համակարգ: The New York Times-ի աղբյուրը պարբերականին պատմել է, որ այժմ ՄՕԿ ղեկավարությունը հակված է ռուս մարզիկներին արգելել մասնակցել խաղերի բացման արարողությանն ու կատարել սեփական երկրի հիմնը: ՄՕԿ-ում նաև քննարկվում է մեկ այլ տարբերակ, որի համաձայն՝ ռուս մարզիկները կարող են խաղերին մասնակցել միայն չեզոք դրոշի ներքո՝ առանց ազգային խորհրդանիշների: Օլիմպիադային Ռուսաստանի մասնակցությունն ամբողջությամբ արգելել, ըստ ամենայնի, ՄՕԿ-ը չի պատրաստվում: Հիշեցնենք, որ 28 երկրի հակադոպինգային գործակալություններ դեռևս սեպտեմբերին դիմել են ՄՕԿ Փխենչխանում կայանալիք Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցությունն արգելելու խնդրանքով: Հայտարարությունում նույնպես ասվում է, որ գործակալությունները դեմ չեն, եթե ռուս մարզիկները չեզոք դրոշի ներքո հանդես գան: 2016 թ-ին հրապարակվել են ՄՕԿ փորձագետ Ռիչարդ Մակլարենի զեկույցի երկու մասերը, որոնք վերաբերում են ռուս մարզիկների կողմից դոպինգի օգտագործմանը: Զեկույցի արդյունքում Ռուսաստանի թեթև և ծանր աթլետիկայի հավաքականներն, ինչպես նաև պարաօլիմպիական թիմն ամբողջությամբ հեռացվեց Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերից: [url=https://jam-news.net/?p=68648&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր